«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակներում 2018թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի 3 մարզերի 6 խոշորացված համայնքներում իրականացվել է հետազոտություն, որն ուղղված է եղել համայնքային մի շարք ծառությունների որակի գնահատմանը: Հետազոտությունն իրականացվել է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի կողմից, որում կոնսորցիումի ցանցի միջոցով ներգրավված են եղել «ՀԿ Կենտրոն», «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» և «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» գործընկեր հասարակական կազմակերպությունները: Ծրագրում ներառված 3 մարզերն են Շիրակը, Լոռին, Տավուշը, որոնցից յուրաքանչյուրում համապատասխանաբար ընտրվել են երկու խոշորացված համայնքներ. Շիրակի մարզում՝ Ախուրյանը և Աշոցքը, Լոռվա մարզում՝ Ստեփանավանը և Թումանյանը, Տավուշի մարզում՝ Դիլիջանը և Նոյեմբերյանը: Հետազոտությունն ուղղված է եղել ընտրված համայնքներում համայնքապետարանների կողմից մատուցվող ներհամայնքային ճանապարհների սպասարկման, աղբահանության իրականացման և փողոցային լուսավորության ապահովման ծառայությունների որակի գնահատմանը: Սույն վերլուծական հաշվետվությունն ամփոփում է 6 խոշորացված համայնքներում փողոցային լուսավորության ապահովման ոլորտում մատուցվող ծառայությունների ուսումնասիրության արդյունքները:
Բնակավայրերում լուսավորության ապահովումը կարգավորվում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի «Արհեստական եվ բնական լուսավորում» 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով, որով սահմանվում է քաղաքային և գյուղական բնակավայրերում փողոցային լուսավորության ապահովման պահանջը: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 16.12.2016 ընդունված օրենքի Հոդված 12-ի համաձայն համայնքի պարտադիր խնդիրների մեջ է մտնում համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը եւ շահագործումը, այդ թվում փողոցային լուսավորության ապահովումը: Սակայն ներակայումս հանրապետության մեծ թվով բնակավայրերում, հատկապես հեռավոր գյուղական բնակավայրերում, փողոցային լուսավորության ապահովումը դեռևս մնում է չլուծված խնդիրներից մեկը: Ի տարբերություն օրինակ աղբահանության ոլորտի, որտեղ աղբահանության ոլորտում կատարված ծախսերը հնարավոր է հետ բերել ծառայության դիմաց բնակչությունից գանձվող գումարների միջոցով, փողոցային լուսավորության դեպքում համայնքը կատարում է միայն ծախսեր՝ առանց այդ ծախսերի դիմաց փոխհատուցման: Ուստի ելնելով համայնքային բյուջերի սղությունից համայնքապետարանները չեն կարողանում լիարժեք իրականացնել այս ոլորտներում իրենց գործառույթները: Ուստի այս ոլորտում առկա իրավիճակի գնահատումը, դրանց վերաբերյալ հանրային քաղաքականությունների մշակման, բարելավման աջակցությունը և մոնիթորինգի իրականացումը համայնքների զարգացման համար ունեն ռազմավարական նշանակություն, ինչին էլ ուղղված է այս հետազոտությունը:
Հետազոտության զեկույցը հասանելի է այստեղ