Ձեռնարկ – Կրթապիտակները (Open Badges)՝ որպես թվային երիտասարդական աշխատանքի և ցկյանս ուսումնառության գործիք

«Կրթապիտակների» (Open Badges) գաղափարն ուսումնասիրելու և 2016թ․ սկսած մի քանի երիտասարդական ծրագրերում այն փորձարկելու արդյունքում «ԿԱԶԱ» հիմնադրամի համար պարզ դարձավ, որ գտել է անհատի կրթական փորձառությունն ու ձեռքբերումներն արդյունավետ կերպով ամրագրող և դրանց չափելիությանը նպաստող մի գործիք։
Իսկ 2018թ․ մեկնարկեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ReImagining Recognition» («Վերաիմաստավորելով ճանաչումը») ծրագիրը, որը մշակվել էր՝ ելնելով համագործակից երկրների (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Իռլանդիա, Լիտվա) կրթության և երիտասարդական աշխատանքի ոլորտներում գործող կառույցների ունեցած փորձից․ նշված երկրներում կրթապիտակների կիրառության առաջին առանձին փորձերի հանրապատկերում նշմարվում էր ոչ ֆորմալ կրթության ուսուցողական արդյունքների չափման և գնահատման մեխանիզմների ներդրման կարիք։ Ուստի ծրագրի շրջանակներում այս երկրների համագործակից կառույցները, իրականացնելով տեղական հետազոտություններ, փորձելու էին հասկանալ կրթապիտակների գործածելիությունն առհասարակ, ինչից հետո աշխատարանների միջոցով ստեղծելու էին իրենց նախատիպերը և ֆոկուս խմբային քննարկումների օգնությամբ նպաստելու վերջիններիս առավել լայն կիրառմանը։
Հենց այս ծրագիրն էլ հիմք հանդիսացավ մասնակից մի քանի կառույցների միավորմանը («ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ, «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական խորհրդատվական ՀԿ)՝ իրականացնելու համար «Նպաստելով թվային երիտասարդական աշխատանքին և շարունակական կրթությանը» ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում ստեղծված այս ձեռնարկն անդրադառնում է այժմյան թվային դարաշրջանում «թվային երիտասարդական աշխատանքին», այդ աշխատանքի արդյունքների չափելիության ու ճանաչման խնդիրներին և որպես լուծման տարբերակ՝ առաջարկում «կրթապիտակ» անվանված թվային գործիքը, որը հիմնված է «սովորել անելով» (learning by doing) սկզբունքի վրա։
Ձեռնարկի նպատակն է կրթապիտակները ճանաչելի դարձնել հասարակության առավել լայն շերտերին և ցույց տալ՝ ինչպես կարելի է կիրառել դրանք կրթական և աշխատանքային տարբեր գործընթացներում։

 

Ձեռնարկը հասանելի է այստեղ