Սույն զեկույցը մշակվել է «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերության (ՀԿ Կենտրոն) առաջնորդությամբ և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) ու «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությամբ կազմված կոնսորցիումի միջոցով։
Յուրաքանչյուր երկրի կառավարություն մշտապես փորձում է բարեփոխումների միջոցով ստեղծել պետական գնումների այնպիսի համակարգ, որը կապահովի հանրային միջոցների առավել արդյունավետ, կայուն և նպատակային օգտագործումը։ Իր գոյության երեք տասնամյակների ընթացքում Հայաստանն անցել է պետական գնումների բարեփոխումների հսկայական ուղի, որի արդյունքում ձևավորվել է կայուն և կենսունակ համակարգ, որը համահունչ է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պետական գնումների համաձայնագրի նոր տեքստին և Եվրասիական տնտեսական միության պայմանագրին։ Զարգացող երկրներում պետական գնումները ոչ միայն լուծում են կարիքների բավարարման խնդիրները, այլ նաև յուրօրինակ գործիք են տնտեսության զարգացումը խթանելու և հարկաբյուջետային համախմբման տեսանկյունից։ 2020 թ. արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) պետական գնումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ կազմել է 6,3 տոկոս1 , ինչը զարգացող այլ երկրների հետ համեմատ բավականին ցածր ցուցանիշ է։