ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ – ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ՝ ՀԱՆՈՒՆ ԽԵԼԱՑԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

https://drive.google.com/file/d/1Ci99lC4_a4cv1G_c04V9I2J6rD5CuheB/view?usp=sharing

«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակներում 2018թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի 3 մարզերի 6 խոշորացված համայնքներում իրականացվել է հետազոտություն, որն ուղղված է եղել համայնքային մի շարք ծառությունների որակի գնահատմանը: Հետազոտությունն իրականացվել է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի կողմից, որում «ՀամաԶարԿ» («Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման») կոալիցիոն ցանցի միջոցով ներգրավված են եղել «ՀԿ Կենտրոն», «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» և «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» գործընկեր հասարակական կազմակերպությունները: Ծրագրում ներառված 3 մարզերն են Շիրակը, Լոռին, Տավուշը, որոնցից յուրաքանչյուրում համապատասխանաբար ընտրվել են երկու խոշորացված համայնքներ. Շիրակի մարզում՝ Ախուրյանը և Աշոցքը, Լոռվա մարզում՝ Ստեփանավանը և Թումանյանը, Տավուշի մարզում՝ Դիլիջանը և Նոյեմբերյանը: Հետազոտությունն ուղղված է եղել ընտրված համայնքներում համայնքապետարանների կողմից մատուցվող ներհամայնքային ճանապարհների սպասարկման, աղբահանության իրականացման և փողոցային լուսավորության ապահովման ծառայությունների որակի գնահատմանը: Սույն վերլուծական հաշվետվությունն ամփոփում է 6 խոշորացված համայնքներում աղբահանության ոլորտում մատուցվող ծառայությունների ուսումնասիրության արդյունքները:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 16.12.2016 ընդունված օրենքի Հոդված 12-ի համաձայն համայնքի պարտադիր խնդիրների մեջ է մտնում համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը: Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում հանրային ծառայությունների մատուցումը տեղական ինքնակառավարման մարմինների կարևոր գործառույթներից մեկն է և սովորաբար ներառված է համայնքային զարգացման ծրագրերում, սակայն համայնքապետարանները օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված չեն կարողանում լիարժեք իրականացնել այս ոլորտներում իրենց գործառույթները: Ուստի, այս ոլորտում առանցքային խնդիրների վերհանումը, դրանց վերաբերյալ հանրային քաղաքականությունների մշակման, բարելավման աջակցությունը և մոնիթորինգի իրականացումը համայնքների զարգացման համար ունեն ռազմավարական նշանակություն, ինչին էլ ուղղված է այս հետազոտությունը:

Հետազոտությունը բաղկացած է եղել երկու բաղադրիչներից:

Առաջին բաղադրիչի շրջանակներում իրականացվել է մատուցվող ծառայություններից բնակչության բավարարվածության գնահատում, որի համար կիրառվել է քանակական դեմ առ դեմ հարցումների մեթոդը՝ քվոտային ընտրանքի հիման վրա: Ընդհանուր առմամբ իրականացվել է 902 հարցում:

Երկրորդ բաղադրիչի շրջանակներում խոշորացված համայնքներում իրականացվել է աղբահանության համակարգի մոնիտորինգ: Խոշորացված համայնքների մաս կազմող բոլոր բնակավայրերում դիտարկման են ենթարկվել փողոցներում տեղադրված աղբի կոնտեյներները, աղբատար մեքենաները, այցելություններ են իրականացվել քաղաքային/ կենտրոնացված աղբավայրեր: Ընդհանուր առմամբ, դիտարկման ցանկում ներառված են եղել շուրջ 249 փողոցներ:

Հետազոտությունը հասանելի է այստեղ