Մեկնարկել է «EU Bridge» միջազգային ծրագիրը․ նոր հեռանկարներ բարձրագույն կրթության և նախագծերի կառավարման ոլորտում

2026 թվականի հունվարի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հայաստանյան կրթական համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող միջոցառում։ Պաշտոնապես տրվեց «ԵՄ ԿԱՄՈՒՐՋ. Հայաստանում բարձրագույն կրթության ամրապնդում եվրոպական նախագծերի կառավարման համար» (EU Bridge) Էրազմուս+ միջազգային դրամաշնորհային ծրագրի մեկնարկը։ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, որպես ծրագրի հիմնական գործընկերներից մեկը, իր ակտիվ մասնակցությունն է բերում այս նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով ամրապնդել կապը ակադեմիական ոլորտի և քաղաքացիական հասարակության միջև։

«EU Bridge»-ը երկամյա ծրագիր է, որը միավորում է Հայաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջատար կառույցների ներուժը։ Ծրագրի առանցքում հայկական բուհերի կարողությունների հզորացումն է, որպեսզի վերջիններս առավել արդյունավետ կերպով մշակեն և կառավարեն եվրոպական կրթական ու հետազոտական նախագծերը։ Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է ստեղծել մասնագիտացված ուսումնական ծրագիր, հիմնել Պիլոտային ակադեմիա և Սոցիալական նորարարության լաբորատորիա, որոնք կդառնան գործնական հմտությունների զարգացման հաբեր։ Ծրագրի կարևորագույն արդյունքներից մեկն էլ լինելու է բաց հասանելիությամբ թվային հարթակի ստեղծումը, ինչը կապահովի գիտելիքի շարունակականությունն ու ազդեցությունը նաև ծրագրի ավարտից հետո։

Մեկնարկային միջոցառման ընթացքում բարձրաստիճան հյուրերը և ոլորտի պատասխանատուները շեշտեցին, որ ծրագիրը ժամանակին է և խիստ արդիական։ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Արամ Պապոյանը և ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը կարևորեցին ինստիտուցիոնալ կառույցների հզորացումը, ինչը թույլ կտա հայկական համալսարաններին Եվրոպական նախաձեռնություններում սովորական մասնակցից վերածվել ռազմավարական գործընկերների։ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Վացլավ Շտերբան իր հերթին նշեց, որ Էրազմուս+ ծրագրերը մեծապես նպաստում են տարածաշրջանում կրթության որակի բարձրացմանը և շարժունության հնարավորությունների ընդլայնմանը։

ՀԿ Կենտրոնի համար այս ծրագրին մասնակցությունը հերթական քայլն է՝ նպաստելու Հայաստանում որակյալ կրթական միջավայրի ձևավորմանը և միջազգային լավագույն փորձի ներդրմանը։ Հունվարի 30-ին կայացած աշխատանքային քննարկումների ժամանակ մեր կազմակերպությունը, հայաստանյան և եվրոպական գործընկերների հետ միասին, հստակեցրեց առաջիկա անելիքների քարտեզը։ Մենք հավատացած ենք, որ «EU Bridge»-ի շրջանակներում ձևավորված համագործակցությունը կդառնա այն կայուն կամուրջը, որը կմիացնի հայկական բարձրագույն կրթությունը եվրոպական կրթական տարածքին՝ ստեղծելով նոր հնարավորություններ դասախոսների, հետազոտողների և ուսանողների համար։

 

 

Ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Արտահայտված տեսակետներն ու կարծիքները միայն հեղինակինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության կամ շնորհող մարմնի դիրքորոշումը: Ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ շնորհող մարմինը չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար