Dialogue4Progress. Քննարկում՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների շուրջ ՀՀ ՖՆ և Վարչապետի աշխատակազմի մասնակցությամբ

Հուլիսի 1-ին տեղի ունեցավ ՀԿ Կենտրոնի Dialogue4Progress հարթակի շրջանակներում կազմակերպված կարևոր քննարկում՝ նվիրված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագծին։ Միջոցառումը նպատակ ուներ համատեղ քննարկել ՔՀԿ ներկայացուցիչների հետ նախագծի մանրամասները։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ Լիլյա Աֆրիկյանը։

Իր ելույթում Արփինե Հակոբյանը նշեց, որ քննարկվող օրենսդրական նախագիծը, մասնավորապես՝ «սոցիալական ծախսերի» նոր մեխանիզմը, ուղղված է ՔՀԿ-ների համար բարենպաստ և խրախուսող միջավայրի ստեղծմանը։ Այս համակարգը 2027 թվականից յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն կտա դառնալ երկրի զարգացման ակտիվ ներդրող՝ իր հայտարարագրից հետ ստացվող գումարը ուղղելով իր ընտրությամբ ոչ առևտրային կազմակերպությանը կամ ԶԼՄ-ին։

Ըստ ՀԿ Կենտրոնի նախագահի՝ սա միայն ֆինանսական հարց չէ, այլ վստահության կառուցման նոր մշակույթ, որը ՔՀԿ-ներին թույլ կտա ընդլայնել ֆինանսավորման աղբյուրները և մեղմացնել արտաքին դրամաշնորհներից կախվածությունը՝ միաժամանակ խթանելով հասարակական սեկտորի հաշվետվողականությունը քաղաքացու առաջ։

Հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը ներկայացրեց օրենսդրական բարեփոխումների նախագիծը, որին հաջորդեցին մասնագիտական քննարկումն ու հարցուպատասխանը։

Այս նախաձեռնությունը հանդիսանում է կարևոր քայլ՝ ուղղված տեղական աղբյուրներից ՔՀԿ-ների ֆինանսական անկախության ամրապնդմանը, ներքին նվիրատվությունների մշակույթի զարգացմանն ու քաղաքացիական մասնակցության խթանմանը։

ՀԿ Կենտրոնը կարևորում է նման բաց և մասնակցային երկխոսությունները՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կմշակվեն արդյունավետ, բյուրոկրատական քաշքշուկներից զերծ և իրական արժեք ստեղծող ընթացակարգեր։