Սեպտեմբերի 5-ին՝ Բարեգործության միջազգային օրը, ՀԿ Կենտրոնը կազմակերպեց «Բարեգործությունը որպես մշակույթ. Ինչու՞ խթանել բարեգործության մշակույթը» խորագրով պանելային քննարկում: Միջոցառումը տեղի ունեցավ #Dialogue4Progress ֆորումների շրջանակում, որոնք նպատակ ունեն խթանել երկխոսությունը պետական և քաղաքացիական հասարակության կառույցների միջև:
Քննարկման ընթացքում հրավիրված փորձագետները՝ ՀՀ Ազգային Ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Էլինե Սանթրոսյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը, անդրադարձան Հայաստանում բարեգործական միջավայրի հարցերին:
Բանախոսները ներկայացրեցին իրենց տեսլականը Հայաստանում բարեգործության մշակույթի խթանման վերաբերյալ: Նրանք քննարկեցին բարեգործության դերը սոցիալական մարտահրավերների լուծման գործում և առաջարկեցին մեթոդներ՝ հանրության իրազեկվածությունը բարեգործության կարևորության վերաբերյալ բարձրացնելու համար:
Միջոցառումը նպաստեց բարեգործության ոլորտում առկա մարտահրավերների և հնարավորությունների վերհանմանը: Այն նաև խթանեց համագործակցությունը տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև՝ ուղղված Հայաստանում բարեգործության մշակույթի զարգացմանը: Քննարկումը կարևոր քայլ էր Հայաստանում բարեգործության ոլորտի հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ: