Փետրվարի 26-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հանդիսավորությամբ ազդարարվեց Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի համար անչափ կարևոր՝ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի պաշտոնական մեկնարկը: Նախագծի բացման արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայաստանյան, վրաց և եվրոպական գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ, համալսարանի աշխատակիցներ, նախկին և ներկայիս ուսանողներ:
DeSIRe նախագծի հիմնական նպատակը Հայաստանում և Վրաստանում ազգային կրթական համակարգերի զարգացման խթանումն է, որը կապված է փափուկ հմտությունների վրա հիմնված դասավանդման և ուսուցման մեթոդաբանության, ռազմավարությունների և տեխնոլոգիաների հետ։ Նախագիծը նպատակ ունի 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ակադեմիական գիտելիքի և հմտությունների որակի բարձրացման միջոցով բարելավելու ուսանողների կարիերայի հեռանկարները, աշխատաշուկայում խթանելու նրանց մրցունակությունն ու ձեռնարկատիրական հմտությունները՝ դրանով իսկ օգնելով նրանց արդյունավետորեն հաղթահարելու իրենց մասնագիտական և առօրյա կենսագործունեության մարտահրավերները:
Ծրագրի գործընկերն է նաև «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն։
«Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի մեկնարկային ժողովի նիստերը մոդերացրին ՎՊՀ մագիստրատուրայի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներ Արփինե Հակոբյանը և Անժելա Տեր-Մովսիսյանը: Պաշտոնական ելույթներով հանդես եկան Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, Էրազմուս+ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձորի համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը և Էրազմուս+ ԿԶԲԿ DeSIRe նախագծի համակարգող Լուսիկ Վարդանյանը: Ռուստամ Սահակյանն իր խոսքում բարի ընթացք և արդյունավետ գործունեություն մաղթեց նախագծին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց դրանում ընդգրկված ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա մասնակիցներին՝ այսչափ կարևոր նախաձեռնության կյանքի կոչմանը նպաստելու, մասնագիտական ողջ ներուժը ներդնելու և համալսարանական կրթությունը հնարավորինս աշխատաշուկայի պահանջներից բխեցնելու կարևորագույն գործում ներգրավվելու համար։ Օրակարգի երկրորդ հատվածում ներկայացան DeSIRe նախագծի գործընկեր հաստատությունները՝ առկա և հեռավար ձևաչափով: Օրվա մշակութային մասն ապահովեցին Վանաձորի պետական համալսարանի «Բիայնա» երգչախումբն ու տաղանդավոր ուսանողները՝ դուդուկի, կիթառի, քանոնի նվագակցությամբ: Հաջորդիվ DeSIRe նախագծի համակարգող Լուսիկ Վարդանյանը ներկայացրեց նախագծի նպատակները, վերջնարդյունքները, որից հետո գործընկեր կազմակերպությունները ներկայացրին աշխատանքային փաթեթները: Եղավ նաև հարցուպատասխանի փուլ և օրվա ամփոփում: