Դեբետ գյուղում ամփոփվեց բնապահպանական թեմայով մրցույթը

Մարտի 24-ին Լոռու մարզի Դեբետ գյուղում գտնվող Քոաֆ Սմարթ կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀԿ Կենտրոնի կողմից հայտարարված  «Մեր գյուղը և բնությունը» խորագրով շարադրությունների և նկարների բնապահպանական մրցույթի ամփոփիչ միջոցառումը:

Նախքան մրցույթի արդյունքների ամփոփումը Դեբետ գյուղի դպրոցի սաները՝ ուսուցիչների աջակցությամբ պատրաստել էին տեղեկատվական-գեղարվեստական  միջոցառում: Միջոցառման ընթացքում երեխաներն անդրադարձան բնապահպանական խնդիրներին, իրենց համայնքի բնության գեղեցկությանը և դրա  պահպանման կարևորությանը: Պատրաստված ներկայացման միջոցով նրանք բարձրաձայնեցին ծառերի պահպանման կարևորության հարցը։

Միջոցառումից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԿ Կենտրոնի «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» ծրագրի  Լոռու մարզային  համակարգող Սյուզան Հովսեփյանը՝ անդրադառնալով ծրագրի նպատակին, ընթացքին, հետագա քայլերին, մրցույթի անցկացման և ընտրության ընթացակարգին:

Միջոցառմանը ներկա էին նաև մրցութային աշխատանքները գնահատող ժյուրիի անդամները, համայնքի վարչական ղեկավարը, դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներն ու ծնողները:

Մրցույթին մասնակցել են 6-18 տարեկան երեխաներ՝ 9 աշխատանքով: Աշխատանքների գնահատումն իրականացվել է անկախ ժյուրիի կողմից: Գնահատման գործընթացում անաչառության սկզբունքը պահպանելու համար ժյուրիի անդամներին աշխատանքները հանձնվել են անանուն և կոդավորված։

Միջոցառման երկրորդ մասում երեխաներին հնարավորություն տրվեց ներկայացնել իրենց աշխատանքների հիմքում ընկած գաղափարը, ասելիքը, որից հետո տեղում կատարվեց վերջնական ընտրությունը և մրցանակային տեղերի բաշխումը:  Նախնական գնահատման արդյունքներին գումարվեցին գաղափարի ներկայացման համար ժյուրիի կողմից տրված միավորները:  Արդյունքում ժյուրիի որոշմամբ բոլոր մասնակից երեխաները ստացան դրամական մրցանակներ և հավաստագեր, իսկ մեկ երեխա ստացավ հատուկ մրցանակ:

Միջոցառման ավարտին Փամբակ բազմաբնակավայր համայնքի Դեբետ գյուղի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը նշեց, որ նման միջոցառումներն օգնում են երեխաների և մեծահասակներին ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել այն միջավայրին, որում ապրում են։ «Միջոցառումը շատ լավ օրինակ էր մեր դպրոցականների համար, հատկապես այս տեխնոլոգիական ժամանակաշրջանում երբեն անտեսվում է բնությունը, մենք պետք է կարևորենք ու գնահատենք բնության դերը մեր կյանքում»,-ամփոփելով իր խոսքը նշեց Անուշը։

 

 

Սույն մրցույթն իրականացվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում։