Տեղական զարգացման նոր մշակույթ. ամփոփվել է CSOs4SLD2 ծրագիրն ու նախանշվել քաղաքացիական հասարակության հզորացման հաջորդ քայլերը

2026 թվականի փետրվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների կառավարում)» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որը նպատակ ուներ ներկայացնելու տեղական զարգացմանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունների հաջողված փորձն ու արդյունքները: Միջոցառմանը հավաքված ոլորտի պատասխանատուները, միջազգային գործընկերներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկեցին այն ձեռքբերումները, որոնք արձանագրվել են ծրագրի իրականացման ընթացքում:

Միջոցառման մեկնարկին ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը կարևորեց ՔՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ այն հիմք է հանդիսանում համայնքային խնդիրների համակարգային լուծման համար: Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ծրագրի ղեկավար Թոմաս Մայերն իր հերթին շեշտադրեց Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը՝ ընդգծելով, որ տեղական նախաձեռնությունների զորեղացումը մշտապես գտնվում է իրենց կառույցի ուշադրության կենտրոնում: «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանն անդրադարձավ ծրագրի բովանդակային նշանակությանը՝ փաստելով, որ այն դարձավ յուրօրինակ հարթակ համայնքահեն կազմակերպությունների համար՝ սեփական կարողությունները բացահայտելու և համայնքային կյանքում իրական փոփոխություններ բերելու համար:

 

Ծրագրի շրջանակներում իրականացված տասը ենթադրամաշնորհային նախագծերը ներկայացրին իրենց աշխատանքի արդյունքները, որոնք ուղղված էին համայնքների կայուն զարգացմանը, խոցելի խմբերի հզորացմանը և բնակիչների մասնակցայնության ապահովմանը: Թեև նախագծերն ունեին տարբեր ուղղվածություններ՝ զբոսաշրջության կառավարումից մինչև երիտասարդական նախաձեռնություններ, դրանց բոլորին միավորում էր համայնքակենտրոն մոտեցումը:

Միջոցառման առանցքային իրադարձություններից էր նաև «CSOsNet. Համայնքահեն կազմակերպությունների ազգային ցանցի» ստեղծման գաղափարի քննարկումը: Այս նոր նախաձեռնությունը, որը հիմնված է ռեսուրսների փոխանակման և հորիզոնական համագործակցության մոդելի վրա, նպատակ ունի միավորելու քաղաքացիական հասարակության ջանքերը՝ մասնակցային ժողովրդավարության խթանման և օրենսդրական բարեփոխումների նախաձեռնման գործում: Մասնակիցները քննարկեցին ցանցի հիմնական ուղղություններն ու համագործակցության հուշագիրը՝ ազդարարելով, որ CSOsNet-ը պաշտոնապես իր աշխատանքները կմեկնարկի արդեն առաջիկայում:

 

«CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների կառավարում)» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսավորմամբ: