ՀԿ Կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երկխոսության հանդիպում ՔՀԿ-ների և ԱԺ պատգամավորի միջև

Օգոստոսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ կարևոր հանդիպում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների և ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանի միջև: Հանդիպումը նախաձեռնել էր ՀԿ Կենտրոնը՝ կարևորելով պետական կառավարման համակարգի և քաղաքացիական հասարակության ակտիվ համագործակցությունը:

Հանդիպման հիմնական նպատակն էր խթանել ՔՀԿ-ների և պատգամավորների միջև երկխոսությունը: Միջոցառմանը մասնակցեցին 20-ից ավելի ՔՀԿ ներկայացուցիչներ ՀՀ տարբեր մարզերից և Երևանից:

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին ՔՀԿ-ների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները՝ պետության աջակցման համատեքստում: Քննարկումը նպաստեց փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը և հետագա համագործակցության ուղիների բացահայտմանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանը նշեց. «Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաև քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից»:

ՀԿ Կենտրոնը պարբերաբար նախաձեռնում է նմանատիպ հանդիպում-քննարկումներ ՀՀ Կառավարության գերատեսչությունների և Ազգային Ժողովի հետ՝ նպաստելով քաղաքացիական հասարակության և պետական մարմինների միջև կայուն երկխոսության հաստատմանը:

Այս հանդիպումը ևս մեկ քայլ էր դեպի ավելի թափանցիկ և արդյունավետ պետական կառավարում, որտեղ քաղաքացիական հասարակության ձայնը լսելի է և հաշվի է առնվում:

 

 

Սույն հանդիպումն իրականացվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի «CSOs4SLD. ՔՀԿ-ներըհանուն կայուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում ԱլԳ երկրներում»ծրագրի ներքո, որը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվորպական միության (ԵՄ) կողմից: