
Փետրվարի 10-ին մեկնարկեց «Քաղաքացիական հասարակության ակադեմիական մոդուլներ» երկօրյա վերապատրաստման դասընթացը, որը կազմակերպվել է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Քաղաքացիական hասարակություն» ակադեմիական կրթության մոդուլի ստեղծում բաղադրիչի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից ։ Դասընթացը նպատակ ունի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին ծանոթացնել քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացներին, ՔՀԿ-ների դերին և ազդեցությանը Հայաստանում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների որդեգրած գործառնական և ծրագրային մոդելներին։
Վերապատրաստման բացմանը ելույթներով հանդես եկան Բրունո Մոնտարիոլը՝ ԵՄ ծրագրերի ղեկավարը, Արփինե Բաղդոյանը՝ «STRIVE» ծրագրի ղեկավարը և Նիյր Իսթ Ֆաունդեյշնի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը, Արփինե Հակոբյանը՝ ՀԿ Կենտրոնի նախագահը ։ Նրանք ընդգծեցին քաղաքացիական հասարակության կարևորությունը, ինչպես նաև ակադեմիական կրթական միջավայրում ՔՀԿ մոդուլի ներդրման անհրաժեշտությունը։
Դասընթացի առաջին մասն ընդգրկում էր քաղաքացիական հասարակության ձևավորման պատմությունն ու դրա կարևորությունը։ Այս թեման ներկայացրեց փորձագիտական խմբի ղեկավար Հարություն Վերմիշյանը, ով անդրադարձավ ՔՀԿ մոդուլի ներդրման անհրաժեշտությանը, քաղաքացիական հասարակության էությանը և զարգացմանը, քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության կապին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության առանցքային դերերին։ Օրվա երկրորդ հատվածում փորձագիտական խմբի անդամ Գոռ Պետրոսյանը ներկայացրեց ՔՀԿ-ների դերն ու ազդեցությունը Հայաստանում՝ ընդգծելով հանրային քաղաքականությունների մշակման մեջ նրանց մասնակցությունը, աղքատության հաղթահարմանն ու խաղաղության հաստատմանը նպաստելու հնարավորությունները։
ՔՀԿ ոլորտի հետազոտող և փորձագիտական խմբի անդամ Տաթևիկ Մարգարյանը խոսեց ՔՀԿ-ների կառավարման և հանրային մասնակցության մասին՝ ընդգծելով, թե ինչպես են դրանք ներգրավվում քաղաքական գործընթացներում։ Մասնակիցները հնարավորություն ունեցան խմբային քննարկումների միջոցով վերլուծել ՔՀԿ-ների գործունեության տարբեր մոդելները և դրանց կիրառելիությունը հայաստանյան համատեքստում։
Վերապատրաստման առաջին օրը եզրափակվեց ամփոփիչ քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները արտահայտեցին իրենց կարծիքները, հարցեր ուղղեցին և ստացան հետագա դասընթացի վերաբերյալ մանրամասներ։ Վերապատրաստման երկրորդ օրը կշարունակվի քաղաքացիական հասարակության և պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի համագործակցության թեմաների շուրջ քննարկումներով։
«STRIVE» ծրագրի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հանդես է գալիս որպես «Քաղաքացիական Հասարակություն» ակադեմիական կրթության մոդուլի ստեղծման մասով ծառայություն մատուցող կառույց։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
«STRIVE» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների․ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ։