Ամփոփվել են «Համայնքի Ուժը» Ծրագրի արդյունքները

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից և «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» (ԳՄՀԸ/GIZ) ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ իրականացվող «Համայնքի Ուժը» ծրագիրը մոտեցել է ավարտական փուլին:

2023 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցավ «Համայնքի ուժը» ծրագրի փակման միջոցառումը։ Միջոցառման ժամանակ ծրագրի մասնակիցները պատմեցին իրենց հաջողության պատմությունները, դժվարություններն ու հնարավորությունները։

Իր ողջույնի խոսքում ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը, վստահություն հայտնեց, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում կատարված հսկայածավալ համատեղ աշխատանքը տվել է իր դրական արդյունքները և, անկասկած, կունենա դրական ազդեցություն մեր համայնքներում մասնակցային կառավարման կայացման գործում.

«Ծրագիրը ՀԿ Կենտրոնի առաքելությանը, այն է՝ սատարել քաղաքացու մասնակցությանը երկրի զարգացման գործընթացներում՝ կարողությունների համալիր և շարունակական ընդլայնման միջոցով, ուղղված հերթական քայլերից էր։ Այն հաջողված էր, քանի որ համընկնում էին թե՛ ՀԿ Կենտրոնի, թե՛ դոնոր կազմակերպությունների և՛ թե համայնքների շահերը։ Համայնքի ուժը առաջին հերթին այդ համայնքի ՄԱՐԴ-ն է, իր գիտելիքներով, կարողություններով, ռեսուրսներով և մոտեցումներով, մենք փորձել ենք հզորացնել ՄԱՐԴ-ուն՝ տալով նրան նոր գիտելիքներ, հմտություններ, փորձի փոխանակման և գաղափարների կյանքի կոչման հնարավորություն, ստեղծել համագործակցության հարթակ և մատնանշել համայնքի զարգացման լավագույն ուղին։ Ծրագիրն ավարտվեց, սակայն ՄԱՐԴ-ը մնում է համայնքում և կշարունակի գործել  նաև այսուհետ՝ ի նպաստ իր համայնքի զարգացման»։

 

 Ողջույնի իր խոսքում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության զարգացման գործակալության (SDC) տարածաշրջային փոխտնօրեն և առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թութը կարևորեց քաղաքացիներ մասնակցությունը տեղական ժողովրդավարական գործընթացներին. «Վերջին ամիսներին մենք արդեն մանրազնին գնահատել ենք հանրային մասնակցության ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Այսօր ևս մեկ հնարավորություն է իմանալու, թե ինչպես կարելի է կյանքի կոչել «ժողովրդավարություն» կոչվող այս վերացական հասկացությունը, ինչպես քաղաքացիների, այնպես էլ տեղական իշխանությունների ակտիվ ներգրավմամբ: Մեզ համար կարևոր է առաջին ձեռքից՝ քաղաքացիների փորձից տեղեկանալ իրենց հաջողությունների, ինչպես նաև մարտահրավերների և ձախողումների մասին»: 

 

ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը ողջունեց ծրագրի թիրախային համայնքների նախաձեռնող խմբերի անդամներին, համայնքապետարանների ներկայացուցիչներին և ծրագրի բոլոր մասնակիցներին: Կարևորելով մասնակցային կառավարման սկզբունքները և ՏԻՄ-քաղաքացի երկխոսությունը նա մասնավորապես նշեց. «Շատ կարևոր է, որ քաղաքացիները ծանոթ լինեն մասնակցային կառավարման գործիքակազմին, ուսումնասիրեն առկա մոդուլները և դրանք օգտագործեն ի նպաստ իրենց համայնքի»: 

 

ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Լիկա Մկրտչյանը նշեց․- «Ծրագրի մասնակցության վերաբերյալ հայտարարությունները զետեղվել են համայնքային կայքերում, ինչպես նաև ներկայացվել են թիրախային համայնքների բնակիչներին տարբեր միջոցառումների ընթացքում: Մասնակցությունը բաց է եղել բոլորի համար առանց որևէ սահմանափակումների, քանի որ մասնակցային ժողովրդավարության համար կարևոր է յուրաքանչյուրի կարծիքն ու ներգրավվածությունը: Բացի այդ ծրագրի ընթացքում գործարկվել է մի նոր գործիք. նախաձեռնող խմբերի ներկայացրած ծրագրերը տեղադրվել են համայնքային կայքերում և Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի շնորհիվ քաղաքացիների ընձեռել են հնարավորություն քվեարկել իրենց նախընտրած ծրագրի օգտին՝ այսպիսով կարևորելով այս կամ այն նախագծի իրականացումն իրենց համայնքում»: 

 

Ծրագրի առաջին փուլում իրականացվել է որակական հետազոտություն, որի շրջանակներում թիրախ յոթ՝ Ալավերդի, Ախթալա, Չարենցավան, Ծաղկաձոր, Շողակաթ, Արենի և Ապարան համայնքներում կազմակերպվել են 14 ֆոկուս խմբային քննարկումներ՝ տարբեր շահագրգիռ կողմերի հետ, բացահայտվել են համայնքներում առկա տարբեր խնդիրներ, որոնք վերաբերում են մասնակցային կառավարմանը: Հետազոտության ավարտին կազմվել է ներքին օգտագործման զեկույց, որում առկա խնդիրների հիման վրա պատրաստվել է կրթական մոդուլ։

Ծրագրի երկրորդ փուլում թիրախ յոթ համայնքների բնակիչների և ՏԻՄ ներկայացուցիչների համար կազմակերպվել են դասընթացներ։ Կազմակերպված դասընթացներին մասնակցել է թիրախ 7 համայնքներից ավելի քան 400 մարդ՝ 118 արական և 285 իգական սեռի ներկայացուցիչներ:

 

Դասընթացների ավարտին մասնակիցների շրջանում հայտարարվել է դրամաշնորհային փակ մրցույթ: Ստացված հայտերը համայնքային կայքերով դրվեցին քվեարկության «Մասնակցել համայնքի զարգացմանը» գործիքի միջոցով, որպեսզի ընտրության գործընթացում ապահովվի նաև հանրության մասնակցությունը, ինչպես նաև կիրառվի մասնակցային գործիքը։ Համայնքային կայքերի քվեարկության միջոցով ստացված միավորները ևս դարձան գնահատման հիմք փորձագիտական խմբի համար: Ստացված 15 դրամաշնորհային հայտերից ֆինանսավորման արժանացան 6-ը: Ֆինանսավորում ստացած ենթադրամաշնորհների շրջանակներում կազմակերպվել են ավելի քան 30 միջոցառումներ՝ 750-ից ավելի մասնակիցներով:

 

Ծաղկաձոր համայնքի ակտիվ խմբի կողմից «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում տրամադրված փոքր դրամաշնորհի շրջանակներում իրականացվել է «Մասնակցային կարիքների գնահատում» ծրագիրը: Ծրագիրը բաղկացած էր դասընթացներից և կլոր սեղան-քննարկումներից, որոնց արդյունքում վեր հանվեցին համայնքային խնդիրներ, մշակվեցին դրանց լուծման ուղիներ։ Արդյունքում ձևավորվեց ակտիվ երիտասարդների խումբ, և վեր հանված բոլոր խնդիրները ներկայացվեցին համայնքի ղեկավար կազմին: Հատկանշական է, որ մասնակիցները կլոր սեղան-քննարկումներին վեր էին հանում ամենատարբեր խնդիրներ և հատկապես ակտիվ էին համայնքի կենտրոնից հեռու բնակավայրերում բնակվողները:

Համայնքի բնակիչ, տնային տնտեսուհի 41-ամյա Վարդուհի Խաչատրյանը շատ է կարևորում ծրագրի դերն իրենց խոշորացված համայնքում. «Ծանոթացանք, շփվեցինք համայնքի անդամների հետ։ Սովորեցինք լինել ավելի նախաձեռնող, ավելի հաշվետու և կատարել ցանկացած իրավիճակի ճիշտ վերլուծություն»։ 25-ամյա մանկավարժ Վարսենիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ծրագիրն օգնեց դառնալ ավելի ինքնավստահ, քայլեր անել դեպի առաջ. «Սովորեցինք խնդիրները ներկայացնելու, իրականացնելու բոլոր մանրուքները, ավելի լավ ճանաչեցինք ու գնահատեցինք մեր համայնքը»։ Իսկ համայնքի Արտավազի միջնակարգ դպրոցի դասվար, 28-ամյա Գայանե Ղազարյանին էլ ծրագիրն օգնել է ավագանու ինստիտուտի մասին շատ գիտելիքներ ստանալ, դառնալ ավելի ներկայանալի, սովորել ճիշտ վերլուծել համայնքային խնդիրները։

 

Շողակաթ համայնքի (միավորված Ճամբարակ) ակտիվ խմբի կողմից Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում դեռ 2022 թվականի հուլիս ամսին մեկնարկել էր «Բազմաֆունկցիոնալ սենյակ Ջիլ գյուղում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Ջիլ գյուղի դպրոցում կահավորվել է երիտասարդական սենյակ, որի նպատակն է բնակավայրում երիտասարդների համար այլընտրանքանյին ժամանցի կենտրոն ստեղծել և ներգրավել նրանց տարբեր կրթական գործընթացներում: Ծրագրի շրջանակներում Ջիլ գյուղի դպրոցում կահավորվել է սենյակ, որն իր դռներն է բացել համայնքի երիտասարդների առջև՝ առաջարկելով նրանց այլընտրանքային ժամանցի հնարավորություն:

««Համայնքի ուժը» ծրագրի դասընթացային փուլին մասնակցելուց հետո հասկացա, որ ես կարող եմ դառնալ փոփոխություն բերող և ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա՝ կիրառելով այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք ստացել էի դասընթացների ժամանակ։ Սակայն մենք համայնքում ունենք խնդիր, որն անտարբերությունն է և մարդիկ կարծում են, որ իրենք ոչինչ չեն կարող փոխել և չեն կարող ազդեցություն ունենալ։ Հենց այս խնդիրը նկատի ունենալով էլ որոշեցինք դիմել դրամաշնորհային մրցույթին և իրականացնել մեր ծրագիրը»,- նշում է «Բազմաֆունկցիոնալ սենյակ Ջիլ գյուղում» նախագծի ղեկավար Դավիթ Հակոբյանը։

Համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աննա Վարդանյանն էլ վստահ է, որ բազմաֆունկցիոնալ սենյակը մեծ ձեռքբերում է Ջիլ գյուղի բնակիչների համար. «Սենյակը շատ կարևոր է ինչպես Ջիլի, այնպես էլ շրջակա գյուղերի համար, քանի որ մոտակայքում չկան համապատասխան միջավայրեր, որոնք ունենան անհրաժեշտ գույք, որտեղ հնարավոր կլիներ իրականացնել հանդիպումներ և միջոցառումներ: Ուստի սա մեծ ձեռքբերում էր, հաշվի առնելով այն փաստը, որ մեր երեխաները իրենց անմիջական ներդրումն են ունեցել այս ծրագրի իրագործման համար»:

 

Ալավերդի համայնքի ակտիվ խմբի և Ալավերդու համայնքապետարանի կողմից, ծրագրի շրջանակներում տրամադրված փոքր դրամաշնորհի շրջանակներում, համայնքում իրականացվել է «ՏԻՄ գրագիտության դպրոց» ծրագիրը: Եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները փորձագետների օգնությամբ ուսումնասիրել են ՏԻՄ օրենսդրությունը, լիազորությունները, պարտավորությունները, իմացել, թե ինչպես է գոյանում համայնքային բյուջեն և ինչ է համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը։ Կազմակերպված կլոր սեղան – քննարկումների ժամանակ մասնակիցները վեր են հանել Ալավերդի համայնքի խնդիրները, քննարկում ունեցել դրանց վերաբերյալ, իսկ վերջում երիտասարդներն ընտրել են հիմնախնդիրներից 2 գլխավորները, որոնց շուրջ էլ աշխատել են ծրագրի ընթացքում։ Դասընթացների ժամանակ ստացած հմտությունների հիման վրա երիտասարդները հետազոտություններ են իրականացրել այդ խնդիրների շուրջ,  արդյունքները հրապարակել համացանցում և ներկայացրել հանրությանը:

«Սովորեցի ճիշտ օգտվել համայնքային պաշտոնական կայքէջից և դրա գործիքակազմերից։ Դասընթացից հետո սկսել եմ ավելի լրջությամբ վերաբերվել համայնքին, համայնքի խնդիրներին և տեղի ունեցող իրադարձություններին»,- նշում է դասընթացի մասնակից Գոռ Ղալայանը:

Իսկ եռօրյա դպրոցի մասնակից Օվսաննա Մատինյանը, ով 16 տարեկան է, նշում է, որ ծրագրին մասնակից լինելով իմացավ ՏԻՄ-ի աշխատանքների մասին, ձեռք բերեց գիտելիքներ, որոնք հետագայում իրեն անպայման պետք են գալու համայնքում գործունեություն ծավալելիս. «Դասընթացից հետո երևի ավելի լուրջ սկսեցի վերաբերվել համայնքի խնդիրներին, հասկացա, թե ինչքան կարևոր է յուրաքանչյուրիս մասնակցությունը մեր համայնքի կյանքում»,- նշում է Օվսաննան։

 

Ախթալա համայնքում դրամաշնորհի շրջանակներում իրականացվել է «Իրազեկ բնակիչներ, հզոր համայնք» ծրագիրը: Նախագծի շրջանակներում Ախթալայի Շամլուղ բնակավայրում համայնքի կողմից տրամադրվել է վերանորոգված սենյակ, որը պետք է ծառայի համայնքի բնակիչների և, հատկապես, երիտասարդների կրթական և ժամանցային կարիքների բավարարմանը՝ զարգացնելով նրանց, որպես պատասխանատու և ներգրավված քաղաքացիներ։ «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում կենտրոնը կահավորվել է երիտասարդների ոչ ֆորմալ կրթության կազմակերպման և ժամանցի ապահովման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Ծրագրի շրջանակներում շուրջ 40 քաղաքացիների ներգրավմամբ Ախթալայում կազմակերպվել էր երկօրյա դասընթաց «Հանրային մասնակցության առցանց և օֆֆլայն գործիքները և դրանց կիրառությունը» թեմաներով։ Դասընթացներին մասնակցում էին Ախթալա համայնքի 5 բնակավայրերից ներգրավված քաղաքացիներ՝ կանայք և երիտասարդներ։

15-ամյա Ռուբեն Սահակյանը համայնքի Շամլուղ բնակավայրից է, տեղական ինքնակառավարման թեմայով դասընթացի մասնակցում էր առաջին անգամ. «Շատ հետաքրքիր էր ու տպավորիչ։ Ստացած գիտելիքներն ու ինֆորմացիան օգտագործելով՝ մենք կարող ենք լուծել մեր համայնքի խնդիրները, մեր կատարած աշխատանքներից հետաքրքրություն կառաջանա մյուս բնակիչների մոտ, և մենք միասին կլուծենք մեր համայնքի բոլոր խնդիրները։

Իսկ 20-ամյա Մանե Լատունցի խոսքով՝ ծրագիրը շատ կարևոր է թե՛ Ախթալայի, թե՛ մյուս համայնքների համար. «Շատ կարևոր է, որ համայնքի բնակիչները կարողանան գիտակցել համայնքում առկա խնդիրները և դրանց համար փորձեն լուծման ուղիներ փնտրել՝ դրսևորելով սրտացավ և պատասխանատու վերաբերմունք։ Ըստ իս՝ ծրագիրը շատ մեծ շարժառիթ կարող է հանդիսանալ թե՛ համայնքի զարգացման, թե՛ երիտասարդների ակտիվացման, և թե՛ բնակիչների անուղղակի ու ուղղակի մասնակցության համար։ Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ ծայրամասային բնակավայրերը «կտրված» են լինում բնականոն ու ակտիվ կյանքից, պատճառներից մեկը հենց դա է եղել՝ կենտրոնը Շամլուղում բացելու»։

«Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում ֆինանսավորված հաջորդ ծրագիրը Չարենցավանում իրականացված «Համայնքային երկխոսություն»-ն էր, որի նպատակն էր նպաստել Չարենցավան խոշորացված համայնքում որոշումների կայացման գործընթացում բնակչության մասնակցայնության բարձրացմանը։ Համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվել են իրազեկման դասընթացներ և քննարկումներ, երկխոսության հանդիպում՝ Չարենցավան համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Վարդգես Չիլինգարյանի հետ, որի ընթացքում գլխավոր խորհրդականը ներկայացրել է համայնքի զարգացման հեռանկարները՝ շեշտադրելով հատկապես քաղաքացիների մասնակցության ու երիտասարդների զբաղվածության հարցերը։

Համայնքի ակտիվ բնակիչ Քրիստինե Ղազարյանի խոսքով՝ «երկխոսությունը» նախադեպային է. «Մինչև այժմ չեմ մտաբերում նմանատիպ ձևաչափով հանդիպումներ, որ իրականացված լինեն մեր համայնքում։ Նմանատիպ քննարկումները հնարավորություն են տալիս, որպեսզի ավելի շատ քաղաքացիներ ներգրավվեն որոշումների կայացման գործընթացներում և լսելի դարձնեն իրենց ձայնը։ Սա նաև լավ առիթ է, որ քաղաքացիներն ու ՏԻՄ-ը հաղորդակցվեն և դրա միջոցով կքանդվի այն «պատը», որն առկա է քաղաքացի-ՏԻՄ փոխհարաբերություններում»:

Նինել Ջումայանը նույնպես շատ կարևոր և ինֆորմատիվ է համարում «Երկխոսության հանդիպում»-ը. «Կարևոր է հասկանալը, որ տեղական ինքնակառավարումը երկկողմանի գործընթաց է, որտեղ, թե՛ քաղաքացիները, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է անընդհատ լինեն երկխոսության մեջ, որպեսզի խնդիրները գտնեն արդյունավետ լուծումներ։ Հատկապես կարևոր է, որ այս գործընթացում ներգրավված լինեն համայնքի երիտասարդները»:

 

ՀԿ Կենտրոնի «Համայնքի ուժը» ծրագրի շահառու համայնքներից էր նաև Ապարանը։ Ծրագրի կրթական փուլում, երբ կազմակերպվում էին դասընթացներ համայնքների բնակիչների և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների համար, այս համայնքից մասնակցությունը բավականին ակտիվ էր։ Ծրագրի շրջանակներում Ապարանի նախաձեռնող խմբի կողմից ներկայացված ծրագրերից հավանության արժանացով «Համայնքի մասնակցային զարգացում» ենթադրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում Ապարան բազմաբնակավայր համայնքում 4 ամսվա ընթացքում կազմակերպվել է թվով 12 դասընթաց, որոնք բխել են ծրագրի նպատակից և նպաստել են բնակիչների՝ հատկապես կանանց և երիտասարդների մասնակցության բարձրացմանն ու իրազեկվածությանը։ Կազմակերպվել են նաև 4 հանրային քննարկումներ և կլոր սեղան հանդիպումներ, որոնց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիների երկխոսություն է տեղի ունեցել։ Ընդհանուր առմամբ, այս միջոցառումներին մասնակցել է շուրջ 200 բնակիչ, որոնց մեծ մասը՝ կանայք և երիտասարդներ։

Ապարանի համայնքապետարանի ԿԳՄԵՍ բաժնի գլխավոր մասնագետ Էլյանորա Միրզոյանի խոսքով՝ իրենց համայնքում մասնակցային կառավարման առումով 2022 թվականը, ի տարբերություն նախորդ տարիների, առանձնանում է բնակիչների ակտիվ մասնակցությամբ. «Նախկինում երբեք չի եղել բնակիչների մասնակցությամբ ավագանու նիստեր, բնակիչների կողմից ավագանու քննարկմանը ներկայացվող նախագծեր, ՏԻՄ-բնակիչ համագործակցությամբ միջոցառումների կազմակերպում, նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հանդիպում բնակիչների հետ, որի ժամանակ անկեղծ ու սրտացավ զրույցի միջոցով միասին առկա խնդիրների լուծման տարբերակներ փնտրեն։ Սակայն 2022 թվականին այս ամենը տեղի ունեցավ: Սեմինարներն առաջ են քաշել բազմաթիվ հարցեր և մեզ մտածելու տեղիք տվել»։

Իսկ ծրագրի ակտիվ անդամներից Նաթելա Զաքարյանը շատ կարևոր է համարում սեմինարից ստացած գիտելիքները. «Դրանք փորձում եմ կիրառել մեր համայնքային կյանքում, հատկապես՝ կանանց շրջանում: Օրինակ՝ նրանց ներգրավել համայնքային աշխատանքների մեջ, ծանոթացնել համայնքային խնդիրների հետ և միասին լուծումներ գտնել, դրանք հասցնել համայնքային իշխանությանը»:

 

Ծրագրի շրջանակներում թիրախ 7 համայնքներում կազմակերպվել են նաև «Թաուն Հոլ» մեթոդով համայնքային ժողովներ, որոնց նպատակն էր բացահայտել համայնքի բնակիչների կարիքներն ու առաջարկները՝ կապված համայնքում մասնակցության ոչ այդքան բարձր մակարդակի հետ։

Համայնքային ժողովների վարման գործընթացը կազմակերպվեց փորձառու մասնագետների ներգրավմամբ և, 4 խմբերում, յուրաքանչյուր համայնքում շուրջ 50 բնակիչների ներգրավմամբ, տեղի ունեցան քննարկումներ։ Արդյունքում փորձագետների կողմից ամփոփվեցին տվյալները և ներկայացվեցին Տեղական ինքնակառավարման մարմիններին՝ 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանում և համայնքի զարգացման փաստաթղթերում ներառելու համար։ Ընդհանուր առմամբ, համայնքային ժողովների այս ձևաչափին մասնակցել են ավելի քան 330 բնակիչներ՝ համայնքների գրեթե բոլոր բնակավայրերից։

 

Ծրագրի շրջանակներում տեղական մակարդակի իրավական փաստաթղթերի մշակման գործընթացին աջակցելու համար փորձագետի կողմից մշակվել է «Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգ», որը տրամադրվել է շահառու ՏԻՄ-երին, որպեսզի դիտարկեն և քաղաքացիների մասնակցության գործընթացն իրականացնեն առավել քաղաքացիակենտրոն մոտեցումներով։