Ավարտին է մոտենում «ՏԻՄ գրագիտության դպրոց» ծրագիրը Ալավերդի համայնքում

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում Ալավերդի համայնքում ֆինանսավորվել է «ՏԻՄ գրագիտության դպրոց» ենթադրամաշնորհային ծրագիրը:

Այն իրականացվել է համայնքի ակտիվ երիտասարդական խմբի և համայնքապետարանի համագործակցության և ակտիվ ջանքերի շնորհիվ։

Ծրագրի առաջին փուլում առցանց հայտի միջոցով ընտրվել են համայնքի 20 երիտասարդներ, ովքեր հնարավորություն են ստացել մասնակցելու եռօրյա դպրոցի, որի ընթացքում նրանք ծանոթացել են տեղական ինքնակառավարման ոլորտի օրենսդրությանը,  իմացան, թե ի՞նչ է համայնքային բյուջեն և ինչպե՞ս է այն կազմվում, ինչպես նաև ուսումնասիրեցին հնգամյա զարգացման ծրագրի մոդելը և հասկացան, որ որքան կարևոր փաստաթուղթ է այն համայնքի զարգացման համար։ Եռօրյա դպրոցի ընթացքում մասնակիցները իմացան համամասնական ՏԻՄ ընտրությունների ձևի և ընթացակարգի մասին, ավագանու և համայնքի ղեկավարի լիազորությունների ուսումնասիրման շնորհիվ սկսեցին տարանջատել նրանց գործառույթները և դերը համայնքում։

 

«Սովորեցի ճիշտ օգտվել համայնքային պաշտոնական կայքէջից և դրա գործիքակազմերից։ Դասընթացից հետո սկսել եմ ավելի լրջությամբ վերաբերվել համայնքին, համայնքի խնդիրներին և տեղի ունեցող իրադարձություններին»,- նշում է դասընթացի մասնակից Գոռ Ղալայանը, ով  ակտիվ երիտասարդ է։

 

Դպրոցի ընթացքում երիտասարդները  հանդիպեցին  Ալավերդի բազմաբնակավայր համայնքի նորընտիր համայնքապետ Արկադի Թամրազյանի հետ և ոչ ֆորմալ միջավայրում զրույց ունեցան։ Երիտասարդները դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքների հիման վրա և մտահոգված լինելով համայնքային խնդիրներով հարցեր ուղղեցին համայնքի ղեկավարին, իսկ վերջում  պայմանավորվածություն ձեռք բերեցին հետագա համագործակցության վերաբերյալ։

 

Եռօրյա դպրոցի մասնակից Օվսաննա Մատինյանը, ով 16 տարեկան է նշում է, որ ծրագրին մասնակից լինելով իմացվա ՏԻՄ֊ի աշխատանքների մասին, ձեռք բերեց գիտելիքներ, որոնք հետագայում իրեն անպայման պետք են գալու համայնքում գործունեություն ծավալելիս։ «Դասընթացից հետո երևի ավելի լուրջ սկսեցի վերաբերվել համայնքի խնդիրներին, հասկացա, թե ինչքան կարևոր է յուրաքանչյուրիս մասնակցությունը մեր համայնքի կյանքում»,- ամփոփում է իր խոսն Օվսաննան։

 

Դասընթացից հետո արդեն ձեավորվել է թիմ, որը պատրաստվում է համայնքում ակտիվ գործունեություն ծավալել։ Դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները ավելի ակտիվ օգտագործման նպատակով երիտասրադները  հետազոտություններ  են կատարել համայնքային երկու խնդիրները վերհանելու նպատակով և պատրաստել են հոդվածներ, որոնք հրապարակվել են CVmedia.am առցանց լրատվակ կայքում։

Այս հոդվածները պատմում են երիտասարդների բացահայտած տարբեր խնդիրները, որոնց նրանք սովորաբար առնչվում են համայնքում բնակվելու ընթացքում։

 

«ՏԻՄ գրագիտության դպրոց» ծրագիրն իրականացվել է Ալավերդի համայնքի ակտիվ խմբի կողմից «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում տրամադրված փոքր դրամաշնորհի շրջանակներում։

«Համայնքի ուժը» ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: