Մայիս ամիսը ՀԿ Կենտրոնի համար նշանավորվեց երիտասարդների հզորացմանն ուղղված «CivicLab – Երիտասարդների մասնակցության և առաջնորդության հարթակ» ծրագրի մեկնարկով։ Ծրագրի առաջին փուլը՝ Քաղաքացիական կրթության աշխատարանները, հնարավորություն ընձեռեց Վանաձոր խոշորացված համայնքի ակտիվ երիտասարդներին՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ և զարգացնելու գործնական հմտություններ։
Ծրագրի շրջանակներում իրականացված դասընթացների շարքը կառուցված էր երիտասարդների առաջնորդության և քաղաքացիական ներգրավվածության խթանման սկզբունքով։ Մասնակիցները սկսեցին իրենց ճանապարհը հաղորդակցության, համագործակցության և համայնքային առաջնորդության հմտությունների զարգացմամբ, որին հաջորդեց համայնքային խնդիրների քարտեզագրման և առաջնահերթությունների սահմանման աշխատարանը։ Այս փուլում երիտասարդները սովորեցին ճիշտ ախտորոշել համայնքային խնդիրները՝ հետագայում արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։
Աշխատարանների հաջորդ կարևոր դասընթացը տեղական ինքնակառավարման համակարգի և քաղաքացիական մասնակցության մեխանիզմների ուսումնասիրությունն էր։ Մասնակիցները գործնական աշխատանքի միջոցով դիտարկեցին այն իրավական և գործնական գործիքները, որոնք թույլ են տալիս քաղաքացիներին անմիջականորեն մասնակից դառնալ համայնքային որոշումների կայացմանը։
Կարողությունների զարգացման փուլը եզրափակվեց երիտասարդների մասնակցության իրավունքների վերաբերյալ աշխատարանով, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան նաև թվային մասնակցության գործիքներին։ Այս շրջանակներում երիտասարդները գործնականում աշխատեցին teselem.am հարթակում, որի միջոցով բարձրաձայնեցին և ՏԻՄ-ին ներկայացրեցին իրենց համայնքներում առկա տարբեր խնդիրներ։
Ինտերակտիվ քննարկումների, թիմային աշխատանքների և գործնական վարժությունների միջոցով երիտասարդները հնարավորություն ունեցան ձևավորել համագործակցության, նախաձեռնողականության և համայնքային ներգրավվածության կարևոր հմտություններ։ Ծրագրի այս առաջին փուլը երիտասարդների համար դարձավ կարևոր հարթակ՝ համայնքային խնդիրներն ավելի խորությամբ հասկանալու, սեփական գաղափարները հստակ ձևակերպելու և ակտիվ քաղաքացիական մասնակցության կարևորությունը գիտակցելու համար։
«CivicLab – Երիտասարդների մասնակցության և առաջնորդության հարթակ» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կողմից։