Օգոստոսի 15-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրում տեղի ունեցավ համայնքային զարգացման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառումը նշանավորեց Ախուրյան խոշորացված համայնքի 32 բնակավայրերում նմանատիպ կենտրոնների ստեղծման մեկնարկը:
Կենտրոնները հիմնվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում: Դրանք կծառայեն որպես հարթակ բնակիչների քննարկումների, գաղափարների առաջադրման, նախաձեռնությունների իրականացման և ինքնակրթման համար:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Մեթյու Լեյրդը նշեց. «Այս կենտրոնները դառնալու են համայնքի զարգացման ուժերից մեկը՝ համայնքների ակտիվ բնակիչների հավաքման, հարցերի քննարկման, խնդիրները բարձրաձայնելու ու որոշումների կայացման հարթակ»:
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը կարևորեց ծրագրի դերը. «Սա կնպաստի, որ տեղական ինքնակառավարման ցանկացած հարց լինի մասնակցային: Սրանք կնպաստեն բնակիչ-իշխանություն հարաբերության ամրապնդմանը»:
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը հավելեց. «Կենտրոնների համար պետք է մշակվեն կանոնակարգեր, գործողությունների ծրագրեր, որոնք կապահովեն կենտրոնների բնականոն ընթացքը»:
Ախուրյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանն իր հերթին նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմինները բաց են համագործակցության համար և ուրախ են մասը լինելու այս կարևոր նախաձեռնության։
Ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի առաջնորդությամբ՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ:
Համայնքային զարգացման կենտրոնների ստեղծումը նպատակ ունի ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները և խթանել բնակիչների մասնակցությունը տեղական զարգացման գործընթացներում: