ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում ավարտվեց Տեղական աշատողների ակադեմիայի առաջին մոդուլը։
CapSLoc ծրագրի շրջանակներում ստեղծված Համայնքային ակտիվ խմբի (ՀԱԹ) անդամների թիվը գերազանցում է 70-ը։ Իսկ տեղական աշխատողների ակադեմիան հենց ՀԱԹ անդամների համար է, որպեսզի նրանք զարգացնեն իրենց առաջնորդական ու համայնքային զարգացման մեջ ներդրում ունենալու կարողությունները։
Եվ ահա սեպտեմբեր ամսի երկրորդ կեսին տեղի ունեցավ տեղական աշխատողների ակադեմիայի առաջին մոդուլը երկրորդ խմբի համար։
Այս խմբում մասնակցում էին ավելի քան 60 ՀԱԹ անդամներ ու ՏԻՄ ներկայացուցիչներ։
Ախուրյանի Ոսկեհասկ բնակավայրից 17-ամյա Ներսեսը, ով ՀԱԹ 70 անդամներից մեկն է, նշում է, որ ակադեմիան լավ հնարավորություն էր նոր բաներ սովորելու, հատկապես տեղական ինքնակառավարման և առաջնորդության վերաբերյալ։ «Առաջին անգամ էի մասնակցում դասընթացների և այն մոտեցումներն ու գիտելիքները, որոնք ստացա վստահ եմ ինձ իմ կյանքում շատ են պետք գալու։ Միշտ փնտրում էի հնարավորություն, որ ստանամ գիտելիքներ, որոնք կարող եմ հետագայում փոխանցել մեր գյուղի այլ երիտասարդներին և առհասարակ բոլորին, ու կարծես սա լավ առիթ էր»,- նշում է Ներսեսը և հավելում, որ առաջիկայում ՀԱԹ մյուս անդամների հետ միասին գյուղում կկազմակերպի տեղեկատվական հանդիպումները՝ սովորածը համագյուղացիների փոխանցելու նպատակով։
Ակադեմիայի ողջ ընթացքը հագեցած էր դասընթացներով, գործնական աշխատանքներով ու վարժանքներով, որոնց միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու լավ կառավարման սկզբունքներին, տեղական ինքնակառավարման մեջ արժեքահեն ներգրավվածությանը, փաստահեն տեղական քաղաքականություններին, առաջնորդության մոտեցումների և այլ բազմաթիվ թեմաներին, որոնք կօգնեն նրանց իրենց համայնքներում դառնալ փոփոխություն բերողներ։
Սաթենիկ Վանոյանը, ով ղեկավարում է Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրում գործող «Արեւ-Վան» կրթամշակութային ՀԿ-ն և աշխատում է երեխաների ու երիտասարդների զարգացման ոլորտում, նշում է, որ ակադեմիային մասնակցությունը հնարավորություն տվեց ձևավորել ու զարգացնել սեփականատիրական զգացումը համայնքի հանդեպ և ավելի մեծ հոգատարությամբ մոտենալ համայնքի զարգացմանը։ «Սա լավ հնարավորություն է կատարելագործելու մեր կարողությունները և պատրաստ լինելու արձագանքել ժամանակի մարտահրավերներին՝ ունենալով գիտելիքներ ու հմտություններ։ Ակադեմիայի մասնակցության արդյունքում հնարավորություն ունեցա զարգացնել ունեցածս գիտելիքների պաշարը և ձեռք բերել բազմաթիվ նոր տեղեկություններ ու հմտություններ, որոնք միանշանալ կիրառելու եմ մեր գյուղի ու ողջ համայնքի հզորացման համար»,- նշում է տիկին Սաթենիկն ու հավելում, որ իրեն առավել վստահ է զգում համայնքում որպես առաջնորդ հանդես գալու հարցում։
Այսպիսով, սեպտեմբեր ամսին ավարտվեց Տեղական աշխատողների առաջին ակադեմիան, որին ընդհանուր առմամբ եղավ 80 մասնակից, որից 75-ը ՀԱԹ անդամներ էին։
Տեղական աշխատողների ակադեմիայի երկրորդ մոդուլի խմբային դասընթացները տեղի կունենա արդեն 2024 թվականի առաջին եռամսյակում։
Բոլոր լուսանկարները հասանելի են ծրագրի ֆեյսբուքյան էջում
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։