Մեկնարկեց CapSLoc ծրագրի Տեղական աշխատողների ակադեմիան

Համայնքների զարգացումը հնարավոր է, եթե դրանց բնակիչները լինեն կարողունակ և փոփոխություն բերողներ՝ զինված գիտելիքով ու հմտություններով։
Այս նպատակի իրականացման համար  «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 6-10-ը տեղի ունեցավ Ախուրյան բազմաբնակավայր համայնքի բնակիչների կարողությունների զարգացմանն ուղղված «Տեղական աշխատողների ակադեմիայի» առաջին մոդուլը։
Տեղական աշխատողների ակադեմիան բաղկացած է 4 մոդուլից։ Ակադեմիային հնարավորություն ունեն մասնակցելու Ախուրյան համայնքում ձևավորված Համայնքային ակտիվ թիմի (ՀԱԹ) անդամները, ովքեր ներկայացնում են համայնքի բոլոր բնակավայրերը, տեղական ինքնակառավարման մարմիններն ու մասնավոր հատվածը։

Ակադեմիայի առաջին մոդուլի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից CapSLoc ծրագրի պատասխանատու Արթուր Դրամփյանը, ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը և Ուրբան հիմնադրամի կողմից ծրագրի թիմի ղեկավար Արաքս Միքայելյանը։

Ակադեմիայի առաջին օրը մասնակիցներն ուսումնասիրեցին «Լավ Կառավարում» հասկացությունն ու դրա էությունը, ինչպես նաև քննարկեցին, թե ինչպես է համայնքի զարգացումն ապահովվում Լավ Կառավարում իրականացնելու արդյունքում։

 

Առաջին օրվա վերջին մասում CapSLoc ծրագրի միջազգային փորձագետ Պաոլո Կրույնոլան ներկայացրեց ՀՀ-ում առաջին անգամ նման մեթոդաբանությամբ իրականացված «Քաղաքացիության ինդեքս» հետազոտությունը։

 

Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրից Վարդանը, ով առաջին անգամ էր մասնակցում ոչ ֆորմալ կրթական ծրագրի, նշում է, որ ակադեմիայի ընթացքում ստացած գիտելիքների արդյունքում կարողանում է գտնել խնդիրների պատճառահետևանքային կապերը։ «Ակադեմիայի ընթացքում սովորեցի, թե ինչպես պետք է խնդիրը վերլուծել՝ կենտրոնանալով սկզբից պատճառների, ապա նաև հետևանքների վրա»,-նշում է տասնութամյա Վարդան Մանուկյանը։

Ակադեմիայի հինգ օրերի ընթացքում մասնակիցները ծանոթացան ՀՀ տեղական ինքնակառավարման էությանն ու մասնակցության արժեհամակարգային մոտեցումներին։ Առաջնորդության դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին դրա տեսակները,  ծանոթացան աշխարհում առաջնորդության շնորհիվ իրականացված դրական փոփոխություններին։ Ակադեմիայի շրջանակներում հատուկ անդրադարձ արվեց ռազմավարական մտածողությանն ու պլանավորմանը, որպես առաջնորդության ու համայնքային զարգացման կարևոր բաղադրիչ։

 

Ախուրյան համայնքի բնակավայրերից է  Վահրամաբերդ գյուղը։ Այն ունի հազարից ավելի բնակիչ և գտնվում է Գյումրի քաղաքից հյուսիս։ Վահրամաբերդից է ՀԱԹ անդամ Հռիփսիմե Մկրտչյանը, ով ևս մասնակցում էր Տեղական աշխատողների ակադեմիայի առաջին մոդուլի առաջին խմբի դասընթացներին։ Նա նշում է, որ հինգօրյա դասընթացներին ձեռք է բերել տեղական ինքնակառավարման ոլորտում կիրառելի բազմաթիվ գիտելիքներ։ «Ակադեմիայի արդյունքում հասկացա, որ առաջնորդ լինելը միայն մարդկանց խմբին կառավարելը չէ, այլ նաև նրանց հետ հավասար մասնակցելն է դժվարությունների հաղթահարման պրոցեսներին, նրանց լսելն ու օգնելն է, մոտիվացնող միջավայր ստեղծելը»,-նշում է 21-ամյա Հռիփսիմեն և հավելում, որ ստացած գիտելիքները կօգնեն իրեն հետագայում դառնալ համայնքային լավ առաջնորդ, օգնել համայնքին վերհանել խնդիրները և ճիշտ լուծումներ տալ դրանց։

 

Տեղական աշխատողների ակադեմիայի առաջին մոդուլի առաջին խմբին մասնակցել են Ախուրյան համայնքում ձևավորված Համայնքային ակտիվ թիմի (ՀԱԹ) անդամ շուրջ 27 քաղաքացիներ։

 

Ամսվա վերջին նախատեսվում է կազմակերպել ՀԱԹ երկրորդ խմբի ներգրավմամբ ակադեմիայի նույն մոդուլը։

 

 

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։