Արմավիր համայնքում տեղի ունեցավ աշխատանքային  իրավունքների վերաբերյալ տեղեկատվական հանդիպում

Ապրիլի 13-ին Արմավիր համայնքում «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացվել է տեղեկատվական հանդիպում աշխատանքային իրավունքների վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին Արմավիրի և հարակից գյուղերի աշխատողներ և գործատուներ, ովքեր տեղեկատվական հանդիպման ընթացքում ուղղել են իրենց հուզող հարցերը իրավաբան Շուշանիկ Իսահակյանին։

 

«Քննարկումից հետո ներկայացվել է աշխատանքային իրավունքի վերաբերյալ հիմնական դրույթները, աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև մասնակիցների հետ կարճ քննարկում է իրականացվել աշխատանքային օրենսգրքի ընթացիկ փոփոխությունների դրական ու բացասական կողմերի վերաբերյալ» – նշում է Շուշանիկ Իսահակյանը։

 

Մասնակիցներից ոմանք բարձրացրել են այնպիսի խնդիրներ, որոնց մասին քիչ են խոսվում աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ հասարակական կազմակերպությունների կամ պետական մարմինների զեկույցներում։

Օրինակ՝ Հանդիպման մասնակից ուսուցիչները նշել են, որ նույն աշախատանքի համար տարբեր դպրոցներում վարձատրությունն այլ է, նաև հավելել, որ դպրոցներում հաճախ չեն պահպանում աշխատավարձի կրճատման ծանուցման ժամկետները։

Մեկ այլ մասնակցի հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ պահեստազորային հավաքների գնացող տղամարդիկ չեն ստանում բավարար դրամական փոխհատուցում, իսկ գործատուների մոտ խնդիր է առաջանում նրանց ժամանակավոր փոխարինելու, ինչպես նաև աշխատավարձի թեկուզ և մասնակի փոխհատուցման հետ կապված։

 

«Դասընթացը արդյունավետ էր իր ինտերակտիվությամբ և բովանդակային կարևոր կետերի թիրախավորմամբ։ Մանրամասն պատասխաններ ստացանք օրենսդրական նոր փոփոխությունների մասին, դե իսկ ստեղծված կայքը կարծում եմ լավագույն հարթակն է, որով հնարավոր է անանուն բարձրաձայնել աշխատանքային իրավունքի խնդիրները։»,-նշում է դասընթացի մասնակիցներից Միտք ՀԿ-ի նախագահ Լևոն Չուկակլյանը։

Հանդիպման մասնակիցները բախվել էին Հայաստանում լայնորեն տարածված խնդիրների, ինչպիսիք են` կենսաթոշակային տարիքի հասած դասախոսների անարդյունավետ աշխատանքը, աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարումը, աշխատավարձի կրճատման մասին չծանուցելը։

 

 

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։