Սեպտեմբերի 20-22-ը տեղի ունեցավ Համայնքային առաջնորդների թիմի (ՀԱԹ) անդամների համար նախատեսված Ակադեմիայի երրորդ մոդուլի եռօրյա դասընթացը՝ երկրորդ խմբի համար:
Ակադեմիայի երրորդ մոդուլի նպատակն էր զարգացնել ՀԱԹ անդամների կարողությունները համայնքային զարգացման ծրագրերի պլանավորման, նախագծման և իրականացման ոլորտներում: Մասնակիցները ստացան գիտելիքներ և գործնական հմտություններ ծրագրերի արդյունավետ իրականացման, մշտադիտարկման և ազդեցության գնահատման վերաբերյալ:
Ակադեմիայի առաջին օրը մասնակիցներին ողջունեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի կառավարման/ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը և CapSLoc համընկերության անդամ կառույցների ներկայացուցիչները։
Եռօրյա դասընթացի ընթացքում քննարկվեցին ծրագրի զարգացման շրջանը, կառուցվածքը և նախագծումը: Մասնակիցները սովորեցին սահմանել ծրագրի հիմնախնդիրը, նպատակները, խնդիրները և ակնկալվող արդյունքները: Հատուկ ուշադրություն դարձվեց ծրագրերի կայունության և շարունակականության ապահովմանը:
Գործնական աշխատանքների ընթացքում ՀԱԹ անդամները մշակեցին ծրագրերի գործողությունների պլաններ, կազմեցին Գանտի աղյուսակներ և աշխատեցին բյուջեի կազմման վրա: Նրանք ծանոթացան ծրագրի նախագծման և կառավարման տրամաբանական կառուցվածքի (logframe) հետ, ինչպես նաև ուսումնասիրեցին ծրագրերի իրականացման, մշտադիտարկման և գնահատման մեթոդները:
Դասընթացի վերջին օրը ՀԱԹ անդամները ներկայացրին իրենց մշակած դրամաշնորհային ծրագրերի գաղափարները, որոնք ենթարկվեցին մանրակրկիտ քննարկման: Մասնակիցները ստացան արժեքավոր դիտարկումներ և առաջարկություններ իրենց նախագծերի բարելավման համար: