ՀԿ Կենտրոնի ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ ԱՍՀՆ 2027-2029թթ. ՄԺԾԾ-ի հանրային քննարկմանը

Հունիսի 4-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպել էր 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի, ներառյալ՝ 2027 թվականի պետական բյուջեի մշակման աշխատանքների շրջանակում բյուջետային հայտերի քննարկումը՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ: 

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից քննարկմանը մասնակցել է կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանը և երիտասարդ բյուջետային մասնագետ Նանե Մխիթարյանը։ 

Հանրային քննարկամանը ԱՍՀՆ նախարարի տեղակալներն իրենց ելույթներում ներկայացրել են առաջիկա երեք տարիների համար նախատեսվող հիմնական նպատակները՝ ընդգծելով սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացման, զբաղվածության խթանման, սոցիալական ծառայությունների հասանելիության ընդլայնման և խոցելի խմբերի աջակցությանն ուղղված միջոցառումների կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ոլորտում իրականացվող բարեփոխումներին, արդյունքահեն բյուջետավորման սկզբունքներին և պետական միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությանը։

Ներկայացվել են կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, բնակապահովման և զբաղվածության պետական ծրագրերի, երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և մարդկանց թրաֆիքինգի ոլորտների թվայնացման գործընթացին, որի արդյունքում ներդրվելու է քաղաքացիների համար հարմարավետ, ժամանակ ու ռեսուրսներ խնայող էլեկտրոնային ծառայությունների գործիքակազմ։

Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել մասնակիցներին բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, խոսել մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնման, խնամքի կազմակերպման նոր գործիքակազմի, պետություն-քաղհասարակության  համագործակցության ամրապնդման և այլ հարցերի շուրջ։

Հանրային քննարկմանը մասնակցել են նաև  «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի գործընկեր ՔՀԿ-ները։ Սա նպաստում է  գործընթացի թափանցիկության բարձրացմանը և պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության ամրապնդմանը։