Առցանց դասընթաց ՔՀԿ-ների համար՝ հանրային կապերի հմտությունների զարգացման նպատակով

Հաղորդակցությունն ու հանրային կապերը կարևոր նշանակություն ունեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) արդյունավետ գործունեության համար։ ՀԿ Կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց դասընթացին այս շաբաթ մասնակցեցին Հայաստանում գործող ավելի քան 100 ՔՀԿ ներկայացուցիչներ։

Դասընթացի հիմնական նպատակն էր աջակցել ՔՀԿ-ներին հասկանալու հանրային կապերի դերը և գործընթացի կարևորությունը, ինչպես նաև զարգացնել նրանց հմտությունները՝ տրամադրելով գործնական մեխանիզմներ, որոնք նպաստում են արդյունավետ հաղորդակցման կազմակերպմանը։

Դասընթացի ընթացքում ՀԿ Կենտրոնի հանրային կապերի ղեկավար Վահե Խաչիկյանը ներկայացրեց հանրային կապերի հիմնական սկզբունքները, դրանց գործընթացը և կազմակերպման մեխանիզմները։ Մասնակիցները գործնական առաջադրանքների և քննարկումների միջոցով հնարավորություն ստացան խորացնել իրենց գիտելիքներն ու ձեռք բերել կիրառական հմտություններ։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հետևյալ թեմաներին՝

  • Ինչպե՞ս ձևակերպել և հասցնել հիմնական հաղորդագրությունը նպատակային լսարաններին։
  • Ինչպե՞ս ամրապնդել հանրային կապերի արդյունավետությունը։
  • Ինչպե՞ս կազմակերպել հանրային կապերի արշավ։

Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ստացան դիմելու հանրային կապերի և հաղորդակցության ընթացակարգի մշակման խորհրդատվության։ Այս քայլը թույլ կտա ՔՀԿ-ներին իրենց հաղորդակցման գործընթացն ավելի կառուցվածքային և արդյունավետ դարձնել՝ ապահովելով կայուն հասարակական ներգրավվածություն։