Այսօր կայացավ առցանց հանդիպում, որի նպատակը «Քաղաքացիական հասարակություն» ակադեմիական կրթության մոդուլի մշակման և ներդրման հարցերի քննարկումն էր։ Հանդիպումը կազմակերպվել էր ՀԿ Կենտրոնի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիական կրթության որակը բուհերում։
Հանդիպման ընթացքում բացման խոսքով հանդես եկան ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը և ՆԵՖ Բելգիայի (NEF Belgium) ներկայացուցիչ Արփինե Բաղդոյանը։ Նրանք կարևորեցին քաղաքացիական հասարակության կրթության դերը երիտասարդների մոտ գիտակցված և ակտիվ քաղաքացի դառնալու գործում։
Մոդուլի կառուցվածքը ներկայացրեց փորձագիտական խմբի ղեկավար Հարություն Վերմիշյանը՝ ընդգծելով դրա բազմաշերտ և կիրառական բնույթը։ Հանդիպման հաջորդ հատվածում բուռն քննարկում ծավալվեց մոդուլի բուհերում ներդրման հնարավորությունների շուրջ։ Քննարկմանը մասնակցում էին փորձագիտական թիմի անդամները, ինչպես նաև Գորիսի պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի ներկայացուցիչ գործընկերները։
ՀԿ Կենտրոնը պատրաստակամ է համագործակցել այլ բուհերի հետ ևս՝ քննարկելու «Քաղաքացիական հասարակություն» մոդուլի ներդրման հնարավորությունները և ապահովելու երիտասարդների համար որակյալ կրթություն քաղաքացիական պատասխանատվության ոլորտում։
«Քաղաքացիական Հասարակություն» ակադեմիական կրթության մոդուլը պատրաստվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «STRIVE» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
«STRIVE» ծրագիրն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ: