ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի փաթեթների վերաբերյալ

2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի արգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (հետայսու տեքստում՝ Նախագիծ), որով առաջարկվում է գումարի վճարման դիմաց ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնել օրենքով սահմանված 24 ամսից կարճ ժամանակահատված՝ նախատեսելով 1 ամիս ծառայության դեպքում վճարել 24 միլիոն ՀՀ դրամ, 4 ամիս ծառայության դեպքում վճարել 18 միլիոն ՀՀ դրամ և հաշվառվել պահեստազորում։ Միաժամանակ, մեկ այլ նախագծով առաջարկվում է մինչև զինվորական հաշվառման տարիքը լրանալը (16 տարին լրանալը) ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն ՀՀ դրամ։

Նախ, անհրաժեշտ է արձանագրել, որ Նախագիծը, թեև ունի հանրային կարևորություն և մարդու իրավունքների ու պարտականությունների վրա մեծ ազդեցություն, չի քննարկվել ո՛չ ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ո՛չ առավել ևս հասարակության տարբեր շահակիր խմբերի հետ։ Առանց լայն հանրային քննարկումների նման կարևորության օրենսդրական նախագծի ընդունումը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։

Միաժամանակ, մեր մտահոգությունն ենք հայտնում Նախագծի հակասահմանադրականության և դրանով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների առկա խնդիրների  հնարավոր առավել խորացման առնչությամբ։

Գտնում ենք, որ քննարկվող Նախագծով առաջարկվող կարգավորումները հակասում են ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սկզբունքներին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու Սահմանադրական պարտավորության կատարումը և զինապարտությունը Նախագծով պայմանավորվում է անձանց սոցիալական և գույքային դրությամբ, ինչն անընդունելի է և ունակ է առավել խորացնել հասարակության սոցիալական բևեռացվածությունը, հանգեցնել առավել մեծ սոցիալական անարդարության զգացման և խորացնել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները։

Ավելին, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար արական սեռի ներկայացուցիչների համար 15 միլիոն ՀՀ դրամի պետական տուրքի սահմանումը անհամաչափ միջամտություն է՝ հանդիսանալով սեռով պայմանավորված խտրականություն։

Թեև նախագծի հեղինակի և Կառավարության անդամների քննարկումներում բերվում են հիմնավորումներ, որ Նախագիծն ուղղված է ՀՀ զինված ուժերի զորակոչի շրջանակներում կոռուպցիոն հանցագործությունների և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, դա արված չէ նախագծի հիմնավորման մեջ, այդ թվում՝ վերհանված չեն առկա խնդիրների, կատարվող փոփոխությունների արդյունքում հնարավոր դրական և բացասական ազդեցությունները: Գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումները ունակ չեն լուծել և բացառել զորակոչի ընթացքում կոռուպցիոն դրսևորումները, իսկ որևէ արդյունք գրանցելու դեպքում դրանք կրելու են իրավիճակային ու ժամանակավոր բնույթ, չեն հանգեցնելու համակարգային փոփոխությունների և ժամանակի ընթացքում իրենց հետ բերելու են նոր խնդիրներ, այդ թվում՝ կոռուպցիայի նոր դրսևորումներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է կանխարգելիչ և վերահսկողական արդյունավետ մեխանիզմների ներդրում, արդյունավետ քննության և պատասխանատվության ու պատժի անխուսափելիության սկզբունքների պատշաճ իրագործում պրակտիկայում, այլ ոչ թե վճարի դիմաց ծառայությունից ազատվելու պրակտիկայի օրինականացում։ Ըստ Transparency International միջազգային կազմակերպության պետությունների պաշտպանության համակարգերի գնահատման (Government Defence Index) 2020 թվականի արդյունքների` ՀՀ պաշտպանական համակարգը կոռուպցիայի տեսանկյունից գտնվում է բարձր ռիսկայնություն ունեցող երկրների խմբում, ուստիև Կառավարությանն անհրաժեշտ է կենտրոնանալ համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և համակարգի առողջացման միջոցառումների վրա, այլ ոչ՝ օրինականացնել առկա կոռուպցիան և խորացնել սոցիալական անարդարությունը:

Նախագծի հիմնավորումներից է նաև այն պնդումը, որ զինվորական ծառայության կրճատման համար վճարված գումարները հնարավորություն կտան մեծացնել պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները և թվաքանակը՝ հինգ տարի շարունակ երկու պայմանագրային զինծառայողի և՛ աշխատավարձ, և՛ պարգևավճար վճարելով։ Գտնում ենք, որ նախ, բացառապես պայմանագրային զինծառայողների ֆինանսական նվազագույն ապահովությամբ չի երաշխավորվում բանակի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը, և պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը պահանջում է համալիր և արդյունավետ բարեփոխումների իրականացում ՀՀ զինված ուժերում։ Առհասարակ անդրադարձ չկա դեմոգրաֆիական և, ըստ ամենայնի, նվազող մարդկային ռեսուրսների պայմաններում երկրի պաշտպանության ամրապնդման հարցերին:

Մինչ նախագծի հեղինակի կողմից նշվում է, որ կրճատված ժամկետով պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն  անցած քաղաքացիները հաշվառվում են պահեստազորում և հետագայում՝ պատերազմական ժամանակ ենթակա են նաև զորահավաքային զորակոչի, այնուամենայնիվ շուրջ 5 տարի շարունակ եռամսյա և շուրջ մեկամսյա վարժական հավաքների ընթացքի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նշված ժամկետը գործնականում բավարար ժամանակ չէ անձանց մարտական պատրաստության և, հետևաբար, նաև զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար։

Բացի այդ, պետք է նշել նաև, որ նախագծով պատշաճ հիմնավորված չէ զորակոչային տարիքը բարձրացնելու հարցը։ Չի գնահատվել, թե արդյոք նշված տարիքի քաղաքացին ֆիզիկապես, հոգեբանորեն և սոցիալապես պատրաստ է ժամկետային զինվորական ծառայության, ինչ ազդեցություն դա կարող է ունենալ աշխատաշուկայի, տվյալ անձանց ընտանիքների սոցիալական վիճակի վրա։

Զինված ուժերում համալիր բարեփոխումների իրականացման, այդ թվում՝ մարդու իրավունքների և կարգապահության ամրապնդման, զինված ուժերում ծառայելուց խուսափելու պատճառների և կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի փոխարեն ներդրվում է զինված ուժերում վճարի դիմաց կրճատված ժամկետով զինվորական ծառայության անցնելու արտոնություն։

Սա հանգեցնելու է նրան, որ պետության պաշտպանության պարտավորությունը հասարակության շրջանում  չի ընկալվելու որպես բոլորի կոլեկտիվ պարտավորություն, այլ ընկնելու է բացառապես նվազ հնարավորություններ ունեցող անձանց ուսերին։ Զինվորական ծառայության հետ կապված բոլոր ռիսկերը և սահմանափակումները պայմանավորվում են բացառապես անձանց սոցիալական և գույքային դրությամբ, ինչն ինքնին ունակ է ազդել զինված ուժերում ծառայություն անցնող անձանց մոտիվացիայի և, ըստ այդմ, զինված ուժերի մարտունակության վրա։

Ընդունելով, որ ՀՀ զինված ուժերում առկա են լրջագույն խնդիրներ և առանցքային, հիմնարար փոփոխությունների անհրաժեշտություն՝ պետք է փաստել, որ դրանք չպետք է լինեն իրավիճակային, այլ կատարվեն ամբողջական ու համակարգային մոտեցմամբ։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք․

  • Նախագիծը հանել շրջանառությունից,
  • Զինված ուժերում ծրագրել և իրականացնել արդյունավետ, արմատական ու համակարգային բարեփոխումներ՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը և զինապարտ քաղաքացիների համահավասար և արժանապատիվ ծառայությունը, ինչպես նաև զինծառայության գրավչությունը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար,
  • Ներդնել արդյունավետ մեխանիզմներ զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ հիմք ընդունելով անկողմնակալ և համապարփակ հետազոտություններով վերհանված խնդիրները:

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Էկոլուր տեղեկատվական ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե ՀԿ

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Գայանե Շագոյան, պ․գ․թ․ մշակութային մարդաբան