Հարկ վճարողի օրը տեղի ունեցավ բարեգործության ոլորտի Ջատագովության խմբի հանդիպումը

Ապրիլի 19-ը Հայաստանում նշվում է, որպես Հարկ վճարողի օր։ Օրվան նվիրված կայացավ բարեգործական ոլորտի բարեփոխումների Ջատագովության խմբի երկրորդ հանդիպումը։

Ջատագովության խմբի նպատակն է՝ Համատեղ ջանքերով նպաստել Հայաստանում բարեգործության ոլորտի զարգացմանն ու ոլորտային բարեփոխումների կայացմանը։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը, ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Հրաչուհի Ջաբաղյանը, Եվրոպական ոչ առևտրային իրավունքի հաստատման կենտրոնից (ECNL) Լյուբեն Պանովը և Էսթեր Հարթայը, ինչպես նաև ջատագովության խմբի անդամները, ովքեր ներկայացնում են քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպություններ։

Ողջույնի խոսքում ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը նշեց, որ հանդիպումը կայանում է խորհրդանշական մի օր, երբ Հայաստանում նշվում է հարկ վճարողի օրը և որ կարևոր է քննարկել, թե ինչպես կարող են հարկ վճարողները նպաստել երկրում բարեգործության մշակույթի զարգացմանը։

Հանդիպման ընթացքում ՀԿ Կենտրոնի քաղաքականության մշակման փորձագետ Անի Սամսոնյանը ներկայացրեց նախորդ հանդիպման և այլ շահագրգիռների հետ կատարված քննարկումների արդյունքում դուրս բերված առաջարկությունների փաթեթը, որի համար հիմք է ծառայել նաև ՀԿ Կենտրոնի կողմից իրականացված «Բարեգործությունը Հայաստանում» հետազոտությունը։

Քաղաքականության փաստաթուղթը բաղկացած է հետևալ հիմնական մասերից․

  1. Համառոտագիր։ Այստեղ ներկայացված են բարեգործական ոլորտի բարեփոխման սկզբունքները ոլորտի նկատմամբ պետական քաղաքականության իրագործման համատեքստում։ Հիմնարար սկզբունքներից բխում են ոլորտի բարեփոխման առաջարկները՝ իրավական, հարկային, կազմակերպչական ուղղություններով։
  2. ՄԱՍ 1։ Այս մասում փորձ է արվել վերլուծել բարեգործության համաշխարհային միտումները, բարեգործության վրա ազդող համընդհանուր գործոնները և այդ գործոնների խթանման ուղղությամբ տարբեր երկրների պետական քաղաքականության ձևերը։
  3. ՄԱՍ 2։ Այս մասում անդրադարձ է կատարվում Հայաստանում բարեգործության ոլորտի իրավական և օրենսդրական վիճակին։
  4. Եզրակացություններ և առաջարկներ։ Այստեղ ներկայացված են բարեգործության ոլորտի վիճակի վերլուծության արդյունքում ստացված եզրակացությունները և դրանցից բխող առաջարկները։

Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Անահիտ Թերզիկյանը նշում է, որ իրենց հիմնադրամը կարևորում է բարեգործության ոլորտի ջատագովության խմբի նման հանդիպումները, քանի որ դրանք օգնում են ոլորտի ներկայացուցիչներով քննարկելու առկա խնդիրները։ – «Մշակված փաստաթուղթը կարծում եմ, որ ներառում է ոլորտում առկա խնդիրները և դրանք մեկ տեղում ունենալն իրապես դրական է։ Եվ մեզ համար շատ ոգևորիչ է, որ ֆինանսների նախարարությունից կա արձագանք և մենք առաջիկայում պետք է Ջատագովության խմբով հանդիպում ունենանք նրանց հետ՝ քննարկելու քաղաքականության փաստաթղթում ամփոփված հարցերը»։

 

Հանդիպման երկրորդ մասում ծավալվեց բաց քննարկում, որի ժամանակ պետական կառույցների և ՔՀԿ-ների ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրենց դիտարկումները և առաջարկությունները, որոնք կարող են ավելի լավը դարձնել փաստաթուղթը։

«Բարեգործության ոլորտի բարեփոխումների քաղաքականության վերլուծությունն ինքնին կարևոր նախաձեռնություն է մեր երկրում Բարեգործությունը ոչ միայն խթանելու, այլ նաև ավելի ինստիտուցիոնալ ու լուրջ հիմքի վրա դնելու համար։ Լիահույս եմ, որ այս նախագիծը կոնենա իր կարևոր ազդեցությունն այս ոլորտն ավելի լավարկելու՝ հաշվի առնելով միջագային լավագույն փորձը և չեզոքացնելով բազմաթիվ ռիսկեր ու խոչընդոտներ»,-նշում է «4090 Բարեգործական» հիմնադրամի տնօրեն Իրինա Փահլևանյանը։

 


Այս ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով: Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից և աջակցում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի հաստատման կենտրոնը (ECNL) INSPIRES ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինտերնյուսի և Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի (ICNL) կողմից: Բովանդակության պատասխանատվությունը պատկանում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի կենտրոնին և ՀԿ Կենտրոնին և պարտադիր չէ, որ արտահայտի USAID-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: