14 համայնքերի ներկայացուցիչների ուսումնական այց Սյունիքի մարզ

Սույն թվականի մայիսի 29-31-ը Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության /ՔՀՏԻԱ/ ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի 14 գործընկեր համայնքների /Վանաձոր, Ալավերդի, Ախթալա, Դսեղ, Դեբետ, Ծաթեր, Դիլիջան, Իջևան, Կոթի, Այգեհովիտ, Գանձաքար, Մարալիկ, Ախուրյան, Հայկաձոր/ ներկայացուցիչների եռօրյա այց Սյունիքի մարզի գործընկեր համայնքներ: Յուրաքանչյուր համայնքից փորձի փոխանակման այս ծրագրին մասնակցեցին համայնքի ղեկավարը և մեկ ՀԱԽ /համայնքային աշխատանքային խումբ/ անդամ: Սյունիքի մարզում իրենց գործընկերներին հյուրընկալեցին ՔՀՏԻԱ ծրագրում ընդգրկված Սյունիքի մարզի 10, ինչպես նաև Վայոց ձորի 4 գործընկեր համայնքների ղեկավարները և ՀԱԽ անդամները:

Օրակարգում ներառված էին հանդիպում-քննարկումներ Սիսիանում, Քարահունջում, Կապանում, Մեղրիում, որտեղ ներկայացվեցին ու քննարկվեցին համայնքներին հուզող այնպիսի թեմաներ, ինչպիսիք են “Քույր քաղաքների, միջազգային կազմակերպությունների և այլ դոնորների հետ համագործակցությունը”, “Գյուղական համայնքների ռազմավարական պլանավորում, համայնքային զարգացման ծրագրերի իրականացում”, “Տեղական ինքնակառավարման հետագա զարգացման հեռանկարները”, “Մասնակցային ռազմավարական պլանավորում և կառավարում”, “Գործընկեր ՀԿ-ների դերը համայնքային զարգացման ծրագրերում”, “Մասնակցային, թափանցիկ և հաշվետվողական կառավարման ամերիկյան փորձառությունը” և այլն: Ուսուցողական ծրագրի մասնակիցները ներկա գտնվեցին նաև Մեղրի քաղաքի ՏԻՄ խրախուսման ծրագրի շրջանակներում վերանորոգված կենտրոնական հրապարակի բացման արարողությանը:

Վերոնշյալ պաշտոնական հանդիպում-քննարկումներից բացի կազմակերպվեցին այցեր Սյունիք պատմամշակութային վայրեր` Շաքեի ջրվեժ, Քարահունջ, Խնձորեսկ, Տաթև և այլն: 

Մասնակիցները հնարավորություն ունեցան կազմակերպված քննարկումների և ոչ ֆորմալ շփումների միջոցով միմյանց հետ կիսվել փորձով, առաջ քաշել համընդհանուր խնդիրներ և դրանց հնարավոր լուծման տարբերակներ, հետագա միջհամայնքային և միջմարզային համագործակցությունների սերմեր ցանվեցին:

ՔՀՏԻԱ ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից, հյուսիսիսային մարզերում ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի, կենտրոնական մարզերում ՔՀԶՀ-ի, իսկ հարավային մարզերում ԳՈՒՄ ՀԿ-ի անմիջական ներգրավվածությամբ ու աջակցությամբ: