Ապրիլի 15-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի, ներառյալ՝ 2027 թվականի պետական բյուջեի մշակման աշխատանքների շրջանակում բյուջետային հայտերի քննարկում՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) մասնակցությամբ: «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից քննարկմանը մասնակցել է կազմակերպության երիտասարդ բյուջետային մասնագետ Նանե Մխիթարյանը։
Քննարկման ընթացքում բարձրացվել են մի շարք առանցքային հարցեր՝ կապված պետական պարտքի կառավարման արդյունավետության, պարտքի բեռի կայունության և ռիսկերի գնահատման հետ։ Անդրադարձ է կատարվել նաև հանրային ֆինանսների քաղաքականության առաջնահերթություններին, բյուջետային ծրագրերի պլանավորման, համակարգման և մոնիթորինգի մեխանիզմների կատարելագործմանը։
Բացի այդ, քննարկվել են պետական գնումների քաղաքականության թափանցիկության և արդյունավետության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաև սոցիալական ծախսերի նպատակային բաշխման և դրանց ազդեցության բարձրացման ուղղությունները։
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել մասնակիցներին ուղղակիորեն բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները և ստանալ պարզաբանումներ պատասխանատու մարմնի ներկայացուցիչներից։
Միաժամանակ, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից ապահովվել է շուրջ 6 քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների մասնակցությունը՝ նպաստելով գործընթացի թափանցիկության բարձրացմանը և պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության ամրապնդմանը։