Քաղաքացիական հասարակության կրթությունը՝ Հայաստանի բուհերում. ստորագրվեցին նոր համագործակցության հուշագրեր

Մայիսի 14-ին ստորագրվեցին եռակողմ համագործակցության հուշագրեր, որոնք կբերեն «Քաղաքացիական
հասարակություն» ակադեմիական մոդուլի ներդրմանը Հայաստանի յոթ ուսումնական հաստատություններում։
Մոդուլը մշակվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ Եվրամիության
կողմից համաֆինանսավորվող «STRIVE» ծրագրի շրջանակում։

Հուշագրերը ստորագրվել են ՆԵՖ Բելգիա կազմակերպության, ՀԿ Կենտրոնի և հետևյալ ուսումնական
հաստատությունների միջև՝

  • Երևանի պետական համալսարան
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարան
  • Եվրասիա միջազգային համալսարան
  • Գորիսի պետական համալսարան
  • Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջ
  • Բերդի բազմագործառութային քոլեջ

 

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ ԵՄ ծրագրերի ղեկավար Բրունո Մոնտարիոլը՝ շեշտելով Եվրոպական
միության հանձնառությունը Հայաստանում կրթության ոլորտի զարգացմանը։ Նա ընդգծեց, որ ԵՄ-ն խրախուսում է
կրթական հաստատությունների մասնակցությունը նման ծրագրերին՝ ուղղված կրթական որակի և ոլորտային
բարեփոխումների խթանմանը։

ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը նշեց, որ ստորագրված հուշագրերը արտահայտում են կրթական
հաստատությունների պատրաստակամությունն ու տեսլականը՝ քաղաքացիական կրթությունն ընդգրկելու կրթական
գործընթացում։ «Մենք հավատում ենք, որ սա կօգնի ձևավորել պատասխանատու, ներգրավված և ակտիվ
քաղաքացիներ»,- հավելեց նա։

ՆԵՖ Բելգիայի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն և «STRIVE» ծրագրի ղեկավար Արփինե Բաղդոյանն իր
խոսքում ընդգծեց.
«Ձեր ուսումնական հաստատությունները հանդիսանում են այս բաղադրիչի երկարաժամկետ կայունությունն
ապահովողներ։ Մենք լիահույս ենք, որ նոր հաստատություններ ևս կմիանան այս նախաձեռնությանը»։

Ներկայումս հիշյալ բուհերն ու քոլեջները գտնվում են ուսումնական պլանների հաստատման փուլում, և
ակնկալվում է, որ 2025 թվականի սեպտեմբերից «Քաղաքացիական հասարակություն» մոդուլը արդեն կդասավանդվի ուսանողներին։

Նշենք, որ ավելի վաղ համագործակցության հուշագիր է կնքվել նաև Վանաձորի պետական համալսարանի հետ։
Ծրագրի շրջանակում մշակված կրթական մոդուլը նպատակ ունի բարձրացնել ուսանողների իրազեկվածությունը
քաղաքացիական հասարակության դերի, գործառույթների և զարգացման ուղիների վերաբերյալ՝ նպաստելով
քաղաքացիների քաղաքացիական գիտակցության և ներգրավվածության բարձրացմանը։

 

Ծանոթագրություն. «Քաղաքացիական Հասարակություն» ակադեմիական կրթության մոդուլը մշակվել է «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿն , և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: