Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից իրականացվում է «Բյուջետային վերլուծություն սոցիալական ոլորտում» ծրագիրը։
Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում խթանել ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացների ձևավորումը՝ հատկապես սոցիալական աջակցության ոլորտում։ Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ որպես առաջնային թիրախ խումբ, ինտեգրման և վերաինտեգրման գործընթացներին աջակցող բյուջետային քաղաքականության թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության մակարդակի բարձրացմանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է զգալի դրական ազդեցություն ինչպես թիրախ խմբերի՝ փախստականների, տեղահանվածների, հարկադիր վերադարձողների և երկարաժամկետ միգրանտների կյանքի որակի, այնպես էլ սոցիալական աջակցության ոլորտում բյուջետային քաղաքականության թափանցիկության, արդյունավետության և մասնակցության վրա։
Սոցիալական պաշտպանության ոլորտում բռնի տեղահանված անձանց աջակցությանւ միտված ծրագրերի շրջանակում իրականացվում է համապարփակ վերլուծություն՝ գնահատելով գործող ծրագրերի բովանդակությունը, ծավալը և արդյունավետությունը։ Այդ նպատակով ուսումնասիրվել են մի շարք պաշտոնական փաստաթղթեր, հիմնականում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված՝ ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքը, պետական բյուջեի տարեկան հաշվետվությունները և կառավարության բյուջետային ուղերձ-բացատրագիրը։

Վերլուծությունը ներառում է 2020-2025 թվականների սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի դինամիկայի և կառուցվածքի ուսումնասիրությունը։ Բացի այդ, կատարվել է 2024-2025 թվականներին նախատեսված 17 սոցիալական ծրագրերի վերլուծություն, որոնցից 3-ը վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանը։ Նշված ծրագրերից յուրաքանչյուրում դիտարկվել են առանձին միջոցառումները, դրանց բովանդակային ուղղությունները և իրականացման առանձնահատկությունները՝ գնահատելով ինչպես պետական բյուջեից հատկացվող, այնպես էլ տեղական և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման չափերը։
Վերլուծության արդյունքների հիման վրա մշակվել են ամփոփ աղյուսակներ, գծապատկերներ և նախնական առաջարկություններ։ Փաստաթղթերի և տվյալների ուսումնասիրության և կատարված հաշվարկների արդյունքների հիման վրա կազմվել է սոցիալական պաշտպանության ոլորտի նախնական հաշվետվություն, որն ապահովում է ոլորտային ծրագրերի գնահատման և վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվական հիմք։ Վերջինս ներառվել են նախնական կազմված զեկույցում։
Նյութը վերահրապարակվել է budgets.am կայքից։