«Երկխոսություն առաջընթացի համար» խորագրով փորձի փոխանակման և երկխոսության միջոցառում՝ ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ծրագրի ամփոփում

Մայիսի 13-ին կայացավ «ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որը կազմակերպվել էր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից։ Ծրագիրը իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Քաղաքացիական հասարակության ամրապնդում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակում։

Նախորդ 16 ամիսների ընթացքում ավելի քան 100 հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցել են ՀԿ Կենտրոնի կողմից կազմակերպված կարողությունների զարգացման տարատեսակ միջոցառումներին։ «Ծրագրերի դիզայն և հայտադիմումների մշակում», «Ռազմավարական պլանավորում», «Մարդկային ռեսուրսների կառավարում», «Հաղորդակցություն» և «Ֆինանսական կայունություն և կառավարում» թեմաներով դասընթացներից յուրաքանչյուրին մասնակցել է ՔՀԿ շուրջ 100 ներկայացուցիչ։

Տասական կազմակերպությունների համար մշակվել են ռազմավարական պլաններ, հաղորդակցության և ֆինանսների կառավարման ընթացակարգեր։

Ավարտական միջոցառումը նվիրված էր Մասնակցային ժողովրդավարությանը՝ նպատակ ունենալով ընդգծել քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության կայացման գործում՝ որոշումներ կայացնողների հետ երկխոսության համատեքստում։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը և GIZ Հայաստանի «Քաղաքացիական հասարակության ամրապնդումը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ղեկավար Թոմաս Մայերը։ Նրանք կարևորեցին ծրագրի ազդեցությունն ու ընդգծեցին քաղաքացիական հասարակության դերակատարությունը ժողովրդավարական գործընթացների ամրապնդման գործում։

Միջոցառման առաջին մասն ընդգրկում էր մասնագիտական ելույթներ և քննարկումներ՝ նվիրված մասնակցային ժողովրդավարության թեմային։ Ելույթներով հանդես եկան ՀՀ Վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ Լիլյա Աֆրիկյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և GIZ Հայաստանի Լավ Կառավարում հանուն Տեղական Զարգացման Հարավային Կովկասում ծրագրի խորհրդատու Գայանե Նալբանդյանը։

Օրվա երկրորդ մասում պանելային քննարկման միջոցով բաց քննարկում ծավալվեց մասնակցային ժողովրդավարության առկա իրավիճակի և հնարավորությունների վերաբերյալ։ Պանելային քննարկմանը որպես խոսնակներ հանդես էին գալիս ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարարի օգնական Լիանա Հովհաննիսյանը, Աշտարակ համայնքի ավագանու անդամ Մերի Մաթևոսյանը, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն գլխավոր իրավաբան Աննա Կռոյանը։

 

 

«ՔՀԿների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» նախագծի բաղադրիչն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության ամրապնդում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակներում՝ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿի ծառայությունների մատուցման միջոցով։

Նախագիծն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ։