«ՏԻՄ թափանցիկությունը երիտասարդների ուժերով» ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոնի կազմակերպած կողմնորոշիչ հանդիպումը անցավ ընկերական և անկաշկանդ մթնոլորտում:
Հանդիպման մասնակիցները` թվով 21 Վանաձորաբնակ երիտասարդներ, ներկայացնում էին տարբեր տարիքային խմբեր և մասնագիտական ոլորտներ: Մասնակիցներն իրենց ակտիվությամբ և եռանդով զարկ տվեցին ծրագրի արդյունավետ մեկնարկին: Նրանց միավորում էին հանդիպման ողջ ընթացքում նկատելի թիմային ոգին և նոր գիտելիքներ և ծանոթություններ ձեռք բերելու ցանկությունը:
Երիտասարդները ինտերակտիվ խաղի միջոցով հնարավորություն ունեցան ծանոթանալ ոչ միայն բուն ծրագրի մանրամասներին, այլև ՀԿ Կենտրոնի ընդհանուր գործունեությանը, առաքելությանը և ծրագրերին: Ավելին, նրանք ականատես եղան բազմաթիվ ծրագրային գործողություններից մեկին` Վանաձորի Համայնքային Ակտիվ Խմբի հանդիպմանը:
Կողմնորոշիչ հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին խմբային աշխատանքների արդյունքները` լուսանկարներ, վիդեոնկարահանում, տեղեկատվական բուկլետների ներկայացում ևն:
Հանդիպման ավարտին մասնակիցները տեղեկացան ծրագրային հետագա գործողություններին և ժամանակացույցին, ձեռք բերվեց պայմանավորվածություն հաջորդ հանդիպման համար:
ՀԿ Կենտրոնը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության և հանդիպման արդյունավետության մեջ նրանց ներդրման համար: Մաղթում ենք, որ ոգևորության այս շունչը գերիշխի ծրագրի ողջ ընթացքում: