Տեղի ունեցավ «ՔՀԿ-պետություն աշխատանքային ձևաչափերն ու հանրային միջոցների տրամադրման կարգը» թեմայով աշխատաժողովը

Նոյեմբերի 21-ին ՀԿ Կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ «ՔՀԿ-պետություն աշխատանքային ձևաչափերն ու հանրային միջոցների տրամադրման կարգը» թեմայով աշխատաժողով, որի նպատակն էր նպաստել մարզաբնական ՔՀԿ ներկայացուցիչների տեղեկացվածության բարձրացմանը։ Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց ՊԵԿ ներկայացվող հաշվետվության ձևերին ու դրանց խնդիրներին, պետական դրամաշնորհների ընթացակարգերին։

 

Աշխատաժողովի առաջին մասում ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը խոսեց ՔՀԿ-ների կողմից ՊԵԿ ներկայացվող հաշվետվությունների ձևերի, պարտադիր աուդիտի պահանջների և այլ հարակից հարցերի վերաբերյալ։ Մասնակիցներն առաջարկներ հնչեցրեցին ընթացակարգերն առավել հարմարավետ դարձնելու համար։

 

Աշխատաժողովի երկրորդ մասում ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ՔՀԿ ծրագրի համակարգող/իրավաբան Արտյոմ Մեսրոպյանը մասնակիցներին ներկայացրեցին հանրային միջոցների տրամադրման ընթացակարգի բարելավմանն ուղղված ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից e-draft.am կայքում շրջանառության մեջ դրված նախագիծը։ Մասնակիցների հետ քննարկում ծավալվեց, թե որքանով է արդյունավետ ներկայացված նախագիծն ու որ մասերն ունեն բարելավման կարիք։

Ապա Արփինե Հակոբյանը մասնակիցներին ներկայացրեց ՀԿ Կենտրոնի կողմից իրականացված «ՔՀԿ-ների պետական ֆինանսավորման աղբյուրները» թեմայով հետազոտության զեկույցի (http://bit.do/zekuyc) կարևոր բացահայտումներն ու առաջարկությունները։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ՝ պետություն-ՔՀԿ երկխոսության ֆորմատները դարձնել աշխատանքային հաջողված ձևաչափ։

 

 

 

Աշխատաժողովը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։ՄՔՏՄ-ն հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։