Սույն թվականի հունիսի 20-ին Երևանում տեղի ունեցավ «Պետություն–ՔՀԿ համագործակցություն» խորագրով աշխատաժողով, որին մասնակցում էին ՀՀ ազգային ժողովի, նախարարությունների և ՔՀԿ ներկայացուցիչները:
Աշխատաժողովի նպատակն էր բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացնել «Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ծրագրի շրջանակներում իրականացված մոնիթորինգի արդյունքները՝ կենտրոնանալով բարելավման առաջարկությունների համատեղ քննարկման և հետագա գործողությունների պլանի մշակման վրա:
«Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ծրագրի նպատակն է` խթանել պետության կողմից ոչ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհների, նվիրատվությունների ու ծառայությունների պատվիրակման գործընթացի մրցութային, առավել թափանցիկ մեխանիզմների ներդրումը:
Ծրագրի շրջանակներում իրականացվել են մոնիթորինգային աշխատանքներ բոլոր նախարարությունների կողմից 2017 թ.-ին ՔՀԿ-ներին տրամադրված դրամական հատկացումների մասին և մշակվել է մոնիթորինգի Զեկույց։
«Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ–ն՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից ղեկավարվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:
Ծրագրի բյուջեն կազմում է 5.498.000 ՀՀ դրամ, որից 4.948.200 ՀՀ դրամը տրամադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից: Ծրագրի տևողությունն է` 2019թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. հունիսի 30-ը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից: