Տեղի ունեցավ մեկնարկի առցանց միջոցառումը

 «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» ծրագրի շրջանակում օգոստոսի 10-ին անցկացվեց թեմատիկ հանդիպում-քննարկում պետական գնումների ոլորտում ներգրավված, ոլորտին առնչվող շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ծրագրի մեկնարկն ազդարարող առցանց հանդիպման նպատակն էր հնարավորություն տալ գնումների ոլորտի հիմնական դերակատարներին գործընթացի դեռևս մեկնարկային փուլում ներկայացնելու ոլորտում առկա բացերի վերաբերյալ սեփական դիրքորոշումն ու մոտեցումները, քննարկել դրանք համայնքի մյուս ներկայացուցիչների հետ, ինչպես նաև նախանշել Ծրագրի շրջանակում համագործակցության արդյունավետ և փոխշահավետ մեխանիզմները։

 

Ողջույնի խոսքով հանդես եկան  «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ  նախագահ Շուշան Դոյդոյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ԴԱՏԱ ծրագրի ղեկավար Գայանե Մկրտչյանը։

 

Ծրագրի ղեկավար Արփինե Հակոբյանը  ողջունեց հանդիպման մասնակիցներին՝ կարևորելով յուրաքանչյուրի դերը Ծրագրում։ Նա հիշեցրեց, որ ոլորտը կարևոր է թե′ պետական և մասնավոր կառույցների, թե′ ՀԿ համայնքի և լրատվամիջոցների համար, ուստի միասնական նպատակի իրագործման ճանապարհին պետք է օգտագործվեն բոլոր առկա ռեսուրսները։

 

Շուշան Դոյդոյանը կարևորեց հանդիպմանը ոլորտի հիմնական դերակատարների մասնակցությունն ու հույս հայտնեց, որ Ծրագրի որդեգրած մասնակցային և ներառական ձևաչափը կխթանի պետության հետ երկխոսության նոր մշակույթ, երբ հանրային նշանակության որոշումների կայացման գործընթացին մասնակցում են բոլոր կողմերը։

 

ԴԱՏԱ ծրագրի ղեկավար Գայանե Մկրտչյանը անդրադարձավ այս պահին իրականացվող մյուս 4 ծրագրերին ևս, որից հետո խոսեց «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» ծրագիրի մասին, նշելով որ ծրագիրը մոնիթորինգի ծրագիր չէ, այն  մի քանի քայլ առաջ է և  խթանում է համագործակցությունը ՔՀԿ-ների և պետական կառույցների միջև, որպեսզի ծրագրին առնչվող բոլոր քաղաքականությունները ունենան բարելավումներ։

 

Հանդիպման երկրորդ հատվածում՝ մասնակիցների ներկայանալուց հետո, Արփինե Հակոբյանը հակիրճ ներկայացրեց ծրագրի նպատակը, խնդրիները և ակնկալվող արդյունքները։ Ծրագրի ներկայացումից հետո ելույթի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետի աշխատակազմի, արտաքին կապերի վարչության, ԲԿԳ-Հայաստան նախաձեռնության համակարգող Լիլիա Աֆրիկյանը, ՀՀ Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը, Բիզնես համայնքի ներկայացուցիչ. «Գործք»ՍՊԸ տնօրեն Արմեն Սարգսյանը, ՔՀԿ համայնքի ներկայացուցիչ. «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը, «Տնտեսական իրավունքների կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը։

 

Հանդիպման վերջում կազմակերպվեց քննարկում, որի ընթացքում ներկաներն իրենց առաջարկներն ու դիտարկումները ուղղեցին ոլորտի ներկայացուցիչներին և Ծրագիրն իրականացնող կազմակերպություններին։

 

 

 

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերությունը (ՀԿ Կենտրոն) «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԻԱԿ), «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական հասարակական կազմակերպության հետ միասին (այսուհետև՝ TAAP–ի գործընկերներ) իրականացնում է «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրը:

 

Սույն ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն ՀԿ Կենտրոնն ու TAAP կոնսորցիումի անդամ կազմակերպություններինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: