Տեղի ունեցավ «Համայնքային Մշտադիտարկող» ծրագրի գնահատման աշխատաժողովը

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և   «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Համայնքային մշտադիտարկող» («Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման») ծրագիրը` Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

 

Ծրագրի շրջանակներում շուրջ մեկ տարի հանրային մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել Հայաստանի տարբեր համայնքներում կառուցվող դպրոցների շինարարական հրապարակներում։ Վանաձորի համար յոթ դպրոցի շինարարական աշխատանքների հանրային մոնիթորինգը համակարգվել է ՀԿ Կենտրոնի և իրականացվել է վերապատրաստված մշտադիտարկողների կողմից։

 

Անցնող մեկ տարվա աշխատանքների գնահատման նպատակով անգլիական «Ինթեգրիթի Էքշն»-ի գործուղմամբ Հայաստան էր ժամանել գնահատող փորձագետը։

Հունվարի 17-ին Երևանում տեղի ունեցավ դպրոցների շինարարական աշխատանքների մոնիթորինգային խմբերի, դպրոցների ներկայացուցիչների և շինարարական կազմակերպությունների հանդիպումը գնահատող մասնագետի հետ։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀԿ Կենտրոնի կողմի ծրագիրը համակարգող Վահե Խաչիկյանը, Վանաձորի թիվ 7 դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանը, «Արփա-Սևան» ԲԲԸ ներկայացուցիչ Սուրեն Սարյանը և ՀԿ Կենտրոնի համայնքային մշտադիտարկող Թեհմինե Բաղրամյանը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, խնդիրներն ու խոչընդոտները: