Տեղի ունեցավ եռօրյա ուսումնական այց հարավից դեպի հյուսիս

Նոյեմբերի 11-13-ին տեղի ունեցավ «Հարավ-հյուսիս․ ուսումնական այց» միջոցառումը «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի շրջանակներում։
«Փորձի փոխանակման այցի ընթացքում ձեռք բերեցի նոր գործընկերներ տարբեր համայնքներից, որոնց հետ կապը կշարունակեմ պահել։ Բնականաբար գիտելիքների ու փորձի փոխանակումը տպավորիչ և հիշվող էր, որը կունենա իր հետագա ազդեցությունը մեր համայնքային գործունեության վրա»,- Շուշան Դանիելյան, Եղեգիս համայնք
 Այցի շրջանակներում ՀՀ տարբեր համայնքներից ՏԻ համակարգում աշխատող և ավագանու անդամ կանայք, ովքեր նախորդ ամիսներին համայնքային նախաձեռնություններ են իրականացրել իրենց բնակավայրերում այցելեցին տեղական ինքնակառավարման, համայնքային ու քաղաքացիական հասարակության կառույցներ, ծանոթացան դրանց գործունեությանն ու մոտեցումներին։
 Առաջին օրը մասնակիցներն այցելեցին Չարենցավանի համայնքապետարանում, որտեղ նրանք հանդիպեցին Չարենցավան համայնքի ղեկավարի տեղակալ Գայանե Գրիգորյանի, աշխատակազմի քարտուղար Սուրեն Մուրադյանի և զարգացման ծրագրերի և ՏՏ բաժնի պետ Աշոտ Ծերունյանի հետ։
Հաջորդ կանգառը Ճամբարակ բազմաբնակավայր համայնքն էր, որտեղ մասնակից կանայք հանդիպում ունեցան Շողակաթ նախկին խոշորացված համայնքի աշխատակազմի ղեկավար Ջեմմա Մելքումյանի և գլխավոր հաշվապահ Աննա Վարդանյանի հետ։
Առաջին օրվա ավարտին կանայք հնարավորություն ունեցան մասնակցելու ՀԿ Կենտրոնի կողմից կազմակերպված փառատոնին։
 
«Նման հանդիպուները մեզ համար կարևոր են փորձի փոխանակման համար, սրանք նաև ունեն ճանաչողական բնույթ, քանի որ ծանոթացանում ենք տարբեր համայնքների ռիսկերի, գործունեության հաջողված ոճերի և հնարավորությունների հետ»,- Հայկուշ Ստեփանյան, Արենի համայնք
 Երկրորդ օրվա առաջին մասում ՀԿ Կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ քննարկում մասնակցային կառավարման և կանանց մասնակցության թեմաների շուրջ, որին որպես խոսնակներ հրավիրված էին Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՏ բաժնի պետ Լիլյա Դավթյանը և Վանաձորի համայնքապետարանի գնումների բաժնի պետ Դավիթ Հակոբյանը։
Օրվա երկրորդ մասում կանայք արդեն Գյումրի քաղաքում այցելեցին «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ի գրասենյակ, որտեղ նրանց հետ «Կանայք և մեդիան» թեմայի շուրջ զրուցեց ՀԿ նախագահ Հասմիկ Մխիթարյանը։
Ապա մասնակիցներն այցելեցին ՀՀ-ում առաջին համայնքապատկան երիտասարդական կառույց՝ Գյումրու Երիտասարդական Պալատ, որտեղ վայելեցին պալատի ղեկավար Լիլիթ Մակարյանի կողմից ծրագրի շրջանակներում իրականացված «ԻնտերACTիվ ՏԻՄ-Թատրոն» ենթանախագծի տիկնիկային ներկայացումը երիտասարդների կատարմամբ, որտեղ «Անտառստան»-ի բնակիչ կենդանիները ժողովրդավարական մեթոդները համայնքի ղեկավար կազմ են ընտրում և նախաձեռնությամբ հանդես գալիս։ Սա մի յուրահատուկ մեթոդ է, որի միջոցով երիտասարդական պալատը երիտասարդների շրջանակներում տարածում է տեղական ինքնակառավարման ու ժողովրդավարության գաղափարները։
«Այս այցը հնարավորություն տվեց ծանոթանալու տարբեր համայնքներում գործունեություն ծավալող կանանց դժվարություններին և հաջողված օրինակներին, որը կօգնի ինձ հետագայում իմ գործունեությունը ավելի լավ և արդյունավետ կազմակերպել»,- Ալվարդ Ավետիքյան, Անտառամուտ համայնք 
 Չորրորդ օրը մասնակից կանայք արդեն Երևանում մասնակցեցին պանելային քննարկման «Կանայք՝ քաղաքականության մեջ» թեմայի շուրջ։
Պանելային քննարկման խոսնակներն էին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Անի Սամսոնյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը և Արմենուհի Կյուրեղյանը։ Խոսնակներն ընդգծեցին, որ հատկապես համայնքերում թեև շատ են կանանց մասնակցության խոչընդոտները, բայց միևնույնն է կանայք ուժեղ են և կարող են փոփոխություն բերել ու հորդորեցին մասնակիցներին, որ երբեք հետ չկանգնեն այն ճանապարհից, որով առաջ են քայլում։
Պանելային քննարկումից հետո ծրագրի թիմը և մասնակիցներն ամփոփեցին ուսումնական այցը, և փաստեցին, որ այն իրապես ստացված էր և արդյունավետ։
Այցի ողջ ընթացքում մասնակից կանայք հնարավորություն ունեցան տարբեր ձևաչափերով կիսվելու իրենց հաջողության պատմություններով, անհատական ծրագրերի դժվարություններով ու հաջողված դեպքերով։
 
«Ամենակարևորը անձնային աճը, շարունակական կրթությունն ու դրական էներգիան են, որոնք հնարավոր է ձեռք բերել այս հրաշալի թիմի աշխատանքային, կրթական ու ճանաչողական բոլոր հանդիպումների ընթացքում։ Դրանցից հետո տուն ես վերադառնում ավելի ինքնավստահ, պատրաստ փոխելու քո շուրջն ու ամբողջ աշխարհը՝ հանուն ավելի լավ համայնքի ու հասարակության»,- Սաթենիկ Բալաբեկյան, Չարենցավան համայնք
 
 
 
«Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կանայք եւ երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի աջակցությամբ՝ Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: