ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Սույն թվականի նոյեմբերի 12-16-ը “ՀԿ Կենտրոն” Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն կրկին կազմակերպել էր Վավերագրական ֆիլմերի մարզային փառատոն, որն ընդգրկում էր Լոռու և Տավուշի մարզերի Վանաձոր, Ալավերդի, Դիլիջան և Իջևան քաղաքները: Փառատոնին այս անգամ մասնակցում էր նաև “Ոսկե Ծիրանը”` “Ոսկե Ծիրանն անիվների վրա” կարգախոսով: Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին 6 վավերագրական ֆիլմեր “Մեկ Աշխարհ” միջազգային կինոփառատոնի ֆիլմացանկից և 4 վավերագրական և խաղարկային ֆիլմեր “Ոսկե Ծիրանի” ֆիլմերից:

Փառատոնը կայացավ “ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ի “Ֆիլմերը որպես հասարակական խնդիրների վերհանման միջոց”  նախագծի շրջանակներում:

Կինոփառատոնի ընթացքը բավականին տպավորիչ էր, ընդհանուր առմամբ, “Վավերագրական ֆիլմերի փառատոնը” կարելի է համարել հաջողված և արդյունավետ:

Գնահատելով փառատոնի արդյունավետությունը` հարկ է առանձնացնել հատկապես հետևյալ ցուցանիշները.

  1. Մասնակցություն– Փառատոնին մասնակցեց ավելի քան 500-600 մարդ` նախատեսված 200-250-ի փոխարեն:
  2. Քննարկումների անցկացում– Յուրաքանչյուր ֆիլմի դիտմանը հաջորդող քննարկման ընթացքը գերազանցում էր երբեմն նույնիսկ ֆիլմի տևողությանը և ընդհատվում էր կազմակերպիչների կողմից` ժամանակի սղության կամ հաջորդ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու պատճառով:
  3. Փորձագետների մասնակցություն– ընտրված փորձագետները հանդիսանում էին յուրաքանչյուրն իր ոլորտի մասնագետ, նրանց ճիշտ ընտրությունը հիմք հանդիսացավ, որ յուրաքանչյուր քննարկում ընթանա հետաքրքիր և բովանդակալից:  Փորձագետների մասնակցությունը նպաստեց ֆիլմերում արծարծված հիմնախնդիրների առավել արդյունավետ վերհանմանը և տեղայնացմանը, որը հանգեցրեց առավել ակտիվ քննարկման:
  4. Համագործակցություն,  ստացված արձագանքներ – Փառատոնի ընթացքում ՀԿ Կենտրոնի հետ մեծ պատրաստակամությամբ համագործակցեցին մի շարք ՀԿ-ներ (Go Group Media NGO- Վրաստան, Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա ՀԿ- ք. Երևան, Խաղաղության Երկխոսություն  ՀԿ- ք. Վանաձոր, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Առավոտ ՀԿ, Վանաձորի Տեղեկատվական Բնապահպանական Կենտրոն /Օրհուս Կենտրոն/), ինչպես նաև Վանաձորի, Ալավերդիի, Դիլիջանի, Իջևանի քաղաքապետարանները, Լոռու մարզպետարանը, Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտը, Վանաձորի հատուկ դպրոցը, Դիլիջանի Մշակույթի Պալատը, Ալավերդու Մշակույթի Կենտրոնը, Իջևանի Քաղաքային Մշակույթի Տունը և այլն, որոնք ակտիվ մասնակցություն ունեցան փառատոնի ողջ ընթացքում: Դեռևս փառատոնի ընթացքում ՀԿ Կենտրոնը ստացավ համագործակցության առաջարկներ ՀԿ-ների, ԶԼՄ-ների և առանձին անհատների կողմից, ովքեր ցանկանում են վերցնել և ցուցադրել ֆիլմերը:
  5. Արդյունավետություն– վավերագրական ֆիլմերը արդյունավետ և գործող միջոց են հանդիսանում հիմնախնդիրներ վերհանելու, բարձրաձայնելու և դրանց շուրջ քննարկումներ ծավալելու համար:
  6. Շարունակականություն–Փառատոնի հաջող ընթացքը, ակտիվ մասնակցությունը, արդյունավետ քննարկումները, ինչպես նաև փառատոնի մասնակիցների, փորձագետների և ԶԼՄ-ներկայացուցիչների կողմից հնչած առաջարկները` նմանատիպ դիտումներ և քննարկումներ կազմակերպելու պահանջարկի հետ կապված, հիմք հանդիսացան, որ, պահանջարկից ելնելով, պարբերաբար ՀԿ Կենտրոնի “Վանաձոր Ինֆոտանը” կազմակերպվի ֆիլմի ցուցադրություն և քննարկում, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված անձինք:

Ծրագիրն իրականացվեց չեխական “Մարդը կարիքի մեջ” ՀԿ-ի կողմից Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում միաժամանակ իրականացվող CAUCADOC ծրագրի շրջանակներում: Վերջինս ֆինանսավորվում է Եվրոմիության և Չեխական Զարգացման Գործակալության կողմից, աջակցող կառույցներ են հանդիսանում Հարավային Կովկասի “Սակդոկ Ֆիլմ” և Մամուլի աջակցության “Ինտերնյուս” ՀԿ  գործընկեր կազմակերպությունները:

Նկարներն այստեղ՝ https://www.facebook.com/media/set/?set=a.725002637527042.1073741840.128913470469298&type=1