Սույն թվականի մարտի 29-31-ը Վանաձորում “ՀԿ Կենտրոն” Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն կազմակերպել էր Վավերագրական ֆիլմերի մարզային փառատոն, որի ընթացքում ցուցադրվեցին 6 ֆիլմեր:
Փառատոնը կայացավ “ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ի “Ֆիլմերը որպես հասարակական խնդիրների վերհանման միջոց” նախագծի շրջանակներում:
Կինոփառատոնի ընթացքը և ստացված արձագանքները բավականին տպավորիչ էին, ընդհանուր առմամբ, “Վավերագրական ֆիլմերի փառատոնը” Վանաձորում և Լոռու մարզում կարելի է համարել հաջողված և արդյունավետ:
Գնահատելով փառատոնի արդյունավետությունը` հարկ է առանձնացնել հատկապես հետևյալ ցուցանիշները.
- Մասնակցություն – Եռօրյա փառատոնին մասնակցեց շուրջ 280-300 մարդ` նախատեսված 180-ի փոխարեն:
- Քննարկումների անցկացում – Յուրաքանչյուր ֆիլմի դիտմանը հաջորդող քննարկման ընթացքը գերազանցում էր երբեմն նույնիսկ ֆիլմի տևողությանը և ընդհատվում էր կազմակերպիչների կողմից` ժամանակի սղության և հաջորդ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու պատճառով: Յուրաքանչյուր մասնակից ձգտում էր գոնե մեկ անգամ արտահայտվել:
- Փորձագետների մասնակցություն – ընտրված փորձագետները հանդիսանում էին յուրաքանչյուրն իր ոլորտի մասնագետ, նրանց ճիշտ ընտրությունը հիմք հանդիսացավ, որ յուրաքանչյուր քննարկում ընթանա հետաքրքիր և բովանդակալից: Փորձագետների մասնակցությունը նպաստեց ֆիլմերում արծարծված հիմնախնդիրների առավել արդյունավետ վերհանմանը և տեղայնացմանը, որը հանգեցրեց առավել ակտիվ քննարկման:
- Համագործակցություն, ստացված արձագանքներ – Փառատոնի ընթացքում ՀԿ Կենտրոնի հետ մեծ պատրաստակամությամբ համագործակցեցին մի շարք ՀԿ-ներ (Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոն- ք. Երևան, Լիարժեք Կյանք ՀԿ- ք. Ստեփանավան, Սախարովի Կենտրոն- ք. Գյումրի, Առավոտ ՀԿ, Լուսաստղ ՀԿ, Լոռու Զարգացման Կենտրոն ՀԿ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Խաղաղության Երկխոսություն ՀԿ- ք. Վանաձոր, Վանաձորի Տեղեկատվական Բնապահպանական Կենտրոն /Օրհուս Կենտրոն/), ինչպես նաև Վանաձորի քաղաքապետարանը, Լոռու մարզպետարանը, Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտը, Վանաձորի հատուկ դպրոց և այլն, որոնք ակտիվ մասնակցություն ունեցան փառատոնի ողջ ընթացքում: Դեռևս փառատոնի ընթացքում ՀԿ Կենտրոնը ստացավ համագործակցության առաջարկներ ՀԿ-ների, ԶԼՄ-ների և առանձին անհատների կողմից, ովքեր ցանկանում են վերցնել և ցուցադրել ֆիլմերը:
Մեջբերում կինոփառատոնի ժամանակ որպես փորձագետ հրավիրված Նունե Պեպանյանի շնորհակալական նամակից. «Հարգելի Արփինե,
Շնորհակալություն “ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող “Ֆիլմերը որպես հասարակական խնդիրների վերհանման միջոց” ծրագրի շրջանակներում Վանաձորում կազմակերպված Վավերագրական Ֆիլմերի Փառատոնի ընթացքում որպես փորձագետ հրավիրելու համար: Ուզում եմ նշել, որ ձևաչափը /իմ տեսած տարիների փորձառության ընթացքում/ ամենահաջողվածն է, թիրախ մասնակիցները բավականին իրազեկ էին և մասնակցում էին քննարկմանը անկաշկանդ: Ես այսօր ստացա նաև շնորհակալական նամակ, ինչը կարևոր է հետադարձ կապի ապահովման համար և իհարկե ինձ համար հետաքրքրություն՝ հետագայում ևս մասնակցել ՀԿ կենտրոնի նախաձեռնություններին: Պատրաստ եմ առավել սերտ համագործակցության: Կրկին շնորհակալ եմ գեղեցիկ միջոցառման համար: Հարգանքով՝ Նունե Պեպանյան»:
Մեջբերում Սախարովի Կենտրոնի աշխատակից Արմեն Պետրոսյանի շնորհակալական նամակից. «Պատրաստ եմ համագործակցության մեր կազմակերպության և անհատական մակարդակներով: Հարգանքով՝ Արմեն Պետրոսյան»:
- Արդյունավետություն – վավերագրական ֆիլմերը արդյունավետ և գործող միջոց են հանդիսանում հիմնախնդիրներ վերհանելու, բարձրաձայնելու և դրանց շուրջ քննարկումներ ծավալելու համար: Մեջբերում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքից. «Ես չէի կարող անգամ պատկերացնել, որ ֆիլմի միջոցով, թեկուզ արտերկրում նկարահանված, հնարավոր է այդքան ճշգրիտ, պատկերավոր և բնորոշ ձևով վերհանել կոնկրետ հիմնախնդիր/հիմնախնդիրներ, որոնք այնքան բնորոշ են մեր իրականությանը, մեր երկրին ու համայնքին»:
- Շարունակականություն – Փառատոնի հաջող ընթացքը, ակտիվ մասնակցությունը, արդյունավետ քննարկումները, ինչպես նաև փառատոնի մասնակիցների, փորձագետների և ԶԼՄ-ներկայացուցիչների կողմից հնչած առաջարկները` նմանատիպ դիտումներ և քննարկումներ կազմակերպելու պահանջարկի հետ կապված, հիմք հանդիսացան, որպեսզի ՀԿ Կենտրոնը ֆիլմերի ցուցադրության հստակ պարբերականություն մշակի: Որոշվեց, որ յուրաքանչյուր չորեքշաբթի ՀԿ Կենտրոնի “Վանաձոր Ինֆոտանը” կկազմակերպվի ֆիլմի ցուցադրություն և քննարկում, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված անձինք: Քննարկվում է նաև “Գյումրի Ինֆոտան” հետ համագործակցության տարբերակը, որի դեպքում պետք է և’ Վանաձորում, և’ Գյումրիում միաժամանակ, նույն ժամին ցուցադրվի նույն ֆիլմը, այնուհետև կազմակերպվի սկայպ-քննարկում:
Ծրագիրն իրականացվեց չեխական “Մարդը կարիքի մեջ” ՀԿ-ի կողմից Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում միաժամանակ իրականացվող CAUCADOC ծրագրի շրջանակներում: Վերջինս ֆինանսավորվում է Եվրոմիության և Չեխական Զարգացման Գործակալության կողմից, աջակցող կառույցներ են հանդիսանում Հարավային Կովկասի “Սակդոկ Ֆիլմ” և Մամուլի աջակցության “Ինտերնյուս” ՀԿ գործընկեր կազմակերպությունները: