Վանաձորը՝ 2019 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք

www.erit.am կայքը գրում է․

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեց «Երիտասարդական մայրաքաղաք 2019» մրցույթի SMS քվեարկության եւ փորձագիտական խմբի կողմից արձանագրված արդյունքները։

 

Հայաստանի երեք քաղաքներ՝ Արմավիրը, Կապանը եւ Վանաձորը, 2019 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք դառնալու հայտ էին ներկայացրել։ Համաձայն «ՀՀ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարգի՝ յուրաքանչյուր հայտատու քաղաք նախապես ձեւավորված փորձագիտական խումբ է այցելել, տեղում ծանոթացել երիտասարդական մայրաքաղաք ճանաչվել ցանկացող քաղաքի դրական եւ բացասական կողմերին, կազմել արձանագրություններ եւ ընտրություն։ Տեղի է ունեցել նաեւ SMS քվեարկություն։

 

 

Մրցութային հանձնաժողովը նախապես հաստատել էր, որ SMS քվեարկությամբ հաղթած քաղաքը կստանա լրացուցիչ երկու փորձագիտական ձայն։ Ամփոփելով նախորդ օրերին տեղի ունեցած SMS քվեարկության արդյունքները՝ հետեւյալ արդյունքներն արձանագրվեցին․ Արմավիր՝ 8 ձայն, Կապան՝ 83, Վանաձոր՝ 147։ Հետեւաբար, ըստ SMS քվեարկության, առաջատարը Վանաձորի հայտն էր։

 

 

Այլ պատկեր էր արձանագրել փորձագիտական խմբի մասնագիտական այցելությունները հայտատու քաղաքներ։ Արմավիրի հայտը ստացավ 8 միավոր, իսկ Կապանը եւ Վանաձորն ունեցան հավասար՝ 17-ական միավոր։ Հաշվի առնելով SMS քվեարկության արդյունքները՝ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2019 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք հռչակեց Վանաձորը։

 

 

Վանաձոր քաղաքի՝ «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մասնակցելու առաջին հայտատուն «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունն է, որի ներկայացուցիչ Վահե Խաչիկյանի խոսքով՝ 2019 թ.-ին երկրի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելը շատ բան կարող է տալ Վանաձորին ու քաղաքացիներին. «Սա նախեւառաջ նոր ու շատ լավ հնարավորություն է երիտասարդների համար։ Երիտասարդությունը կարող է այսպիսի դեպքում ինքնադրսեւորվել, ակտիվ լինել եւ նոր հմտություններ ձեռք բերել։ Սա կօգնի նաեւ մշակելու քաղաքի երիտասարդական քաղաքականության հստակ ծրագիր ու ռազմավարություն, ինչը շատ կարեւոր է»։

 

 

Մանրամասները www.erit.am կայքում։