Շատ շուտով պատրաստ կլինի «Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ծրագրի շրջանակներում իրականացվող հետազոտության արդյունքներն ամփոփող զեկույցը: Հետազոտությունը ներառում է նախարարությունների կողմից 2016-2017 թթ-ներին քաղաքացիական հասարակության կառույցներին (ՔՀԿ) տրամադրված դրամական միջոցների (նվիրատվություններ, սուբսիդիաներ, դրամաշնորհներ, պատվիրակված ծառայություններ) պատվիրակման կարգի և մեխանիզմների, արդյունքների և կատարողականի ուսումնասիրությունը:
Մինչ օրս ուսումնասիրվել են ՔՀԿ-ներին դրամական միջոցների հատկացման օրենսդրական հիմքերը, հարցումներ են ուղարկվել համապատասխան պետական իրավասու մարմիններին՝ տեղեկատվության ստացման, բյուջեի ուսումնասիրության և կատարողականի ուսումնասիրության նպատակով։
Այժմ բուռն ընթացքի մեջ են դաշտային աշխատանքները՝ հարցազրույցներ փորձագետների, առանցքային տեղեկատուների, նախարարությունների աշխատակիցների, պետական միջոցներից հատկացումներ ստացած ՔՀԿ ներկայացուցիչների հետ։
Անհատական, դեմ առ դեմ հանդիպումներից ու հարցազրույցներից զատ, զուգահեռաբար իրականացվում է նաև առցանց հարցում վերոնշյալ ՔՀԿ-ների շրջանում։
Ապրիլի 18-ին և 19-ին նախատեսված են ֆոկուս խմբային քննարկումներ ՔՀԿ-ներկայացուցիչների մասնակցությամբ։
Առաջիկայում, հետազոտության արդյունքներն ամբողջականացնելուց և վերլուծությունից հետո նախատեսվում է զեկույցն առաջարկություններով հանդերձ ներկայացնել բոլոր շահագրգիռ կողմերին և համատեղ քննարկել արդյունքները։
Ծրագրի վերջնանպատակն է՝ խթանել պետության կողմից ոչ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրմադրվող դրամաշնորհների, նվիրատվությունների, սուբվենցիաների և պատվիրակված ծառայությունների գործընթացի մրցույթային, առավել թափանցիկ մեխանիզմների ներդրումը:
«Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից ղեկավարվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:
Ծրագրի բյուջեն կազմում է 5.498.000 ՀՀ դրամ, որից 4.948.200 ՀՀ դրամը տրամադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից: Ծրագրի տևողությունն է` 2019թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. հունիսի 30-ը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից: