«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 27-28-ին կազմակերպել էր Բաց տարածք մեթոդով հանդիպում: Այն կրում էր «Միջոլորտային համագործակցություն: Մարտահրավարներ և հնարավորություններ» խորագիրը:
Հանդիպման նպատակն էր`
- Ներկայացնել ծրագրի արդյունքները
- Ներկայացնել միջոլորտային համագործակցության առկա հաջողված փորձը
- Աջակցել երկխոսության մշակույթի ձևավորմանը՝ տարբեր շահագրգիռ կողմերի միջև հնարավոր հակադրությունների նվազեցման, ինչպես նաև կառուցողական հարաբերություններ խթանելու համար
- Խթանել ՀԿ ոլորտի հիմնախնդիրների լուծման շուրջ համախմբված գործընկերային ցանցերի ստեղծումը
Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 80 ներկայացուցիչներ պետական, հասարակական և մասնավոր ոլորտներից: Պետական սեկտորը ներկայացված էր տարբեր նախարարությունների, Ազգային ժողովին կից հանձնաժողովների աշխատակազմերի, մարզպետարարնների ու ՏԻՄ-երի ներկայացուցիչներով: Մասնավոր հատվածը ներկայացնում էին Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի ու Երևանի տարբեր բնագավառներում գործունեություն ծավալող բիզնես կառույցների ներկայացուցիչներ: Հասարակական ոլորտը ներկայացված էր ծրագրի շահառու հանդիսացող Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի ՔՀԿ ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների միջոցով:
«Բաց տարածք» մեթոդն ստեղծեց հարթակ, որը հնարավորություն տվեց մարդկանց առավել անկաշկանդ խոսել իրենց մտահոգող թեմաների մասին, գտնել համախոհների և նախանշել հիմնախնդիրների լուծման հնարավոր եղանակներ: Բաց տարածքում ձևավորվեցին 11 աշխատանքային խմբեր, որոնք աշխատեցին Միջոլորտային համագործակցություն ընդհանուր թեմայի կոնտեքստում վերհանված հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ: Յուրաքանչյուր աշխատանքային խմբում քննարկվեցին հետևյալ հարցերը՝ հիմնախնդիրը և դրա պատճառահետևանքային կապերը, հիմնախնդրի լուծման ուղիները, առկա ռեսուրսները խմբի ներսում, անհրաժեշտ, սակայն բացակայող ռեսուրսները, հաջորդ քայլերը՝ որպես առաջիկա անելիք խնդրի լուծման ճանապարհին: Բաց տարածքի ֆորմատը ենթադրում է, որ հենց աշխատանքային խմբերը դառնում են տվյալ հիմնախնդրի լուծմանն ուղղված ցանց, իսկ խմբերի ներկայացուցիչներն այդ ցանցի անդամներ, ովքեր մտահոգված և պատրաստակամ են հետագա քայլերի և ծրագրերի իրականացման համար: Բաց տարածքի ընթացքում բարձրացված խնդիրները և քննարկված գաղափարները խթանեցին մասնակիցների համագործակցությունը և պարարտ հող նախապատրաստեցին հետագայում հետևողական լինելու այն լուծումների կամ առաջարկների հարցում, որոնք բարձրաձայնվել են բաց տարածքների ընթացքում:Խմբերում քննարկումների արդյունքները դարձան մասնակիցների ներուժով պատրաստված ընդհանրական ձեռնարկ, որը տրամադրվեց բոլոր մասնակիցներին:
«ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի նպատակն է՝ նպաստել տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հզորացմանը՝ կայունության և արդյունավետ համագործակցության ընդլայնման միջոցով: