Մեկնարկել է «ՏԻՄ-թատրոն» ինտերակտիվ ծրագիրը

ՀԿ Կենտրոնի աջակցությամբ երիտասարդ կանանց առաջնորդության դրամաշնորհների շրջանակներում Լիլիթ Մակարյանը Գյումրիում նախորդ տարեվերջին մեկնարկեց «ՏԻՄ-թատրոն» ինտերակտիվ ծրագիրը:

Այն իրենից ներկայացնում է տիկնիկային թատերական ինտերակտիվ ներկայացում Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման և գործունեություն ծավալելու մասին:

 

ՏԻՄ-թատրոնը բաղկացած է 2 ներկայացումից՝

  1. «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՏԱՌՍՏԱՆՈՒՄ» և
  2. «ԱՎԱԳԱՆՈՒ ՆՒՍՏ ԱՆՏԱՌՍՏԱՆՈՒՄ»:

Առաջին ներկայացման սյուժեն սկսվում է Անտառստանում երկարատեև ղեկավարումից դժգոհ բնակիչների բողոքով ընդդեմ նախկին ղեկավարի, որի գերդաստանի բոլոր անդամները տարիներ շարունակ հերթով դարձել են համայնքի ղեկավար: Գործողությունները ծավալվում են՝ հիմնվելով բնակիչների սեփական նախաձեռնության, վերջիններիս արդար պահանջը հաշվի առնելու և ժողովրդավար ընտրություններ կազմակերպելու շուրջ: Ընդ որում, ընտրություններն իրականացվում են իրական ժամանակում՝ տեղում հանդիսատեսի քվեարկության միջոցով, այն բանից հետո, երբ բոլոր թեկնածուները ներկայացնում են համայնքի զարգացման սեփական ծրագիրը:

Ներկայացումն ավարտվում է համայնքի ղեկավարի և Ավագանու անդամների ընտրությամբ:

 

2-րդ ներկայացումը ծավալվում է ՏԻՄ մարմինների իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև համայնքի բնակիչների ակտիվ հասարակական դիրքորոշման շուրջ: Ավագանու ընտրություններին մասնակցելու, համայնքի խնդիրները բարձրաձայնելու և լուծում գտնելու նպատակով բնակիչները կրկին հանդիսատեսի օգնությամբ ստորագրահավաք են կազմակերպում իրենց հուզող հարցերը Ավագանու նիստի օրևակարգ ներառելու նպատակով:

 

Տիկնիկային ներկայացման սցենարը մշակվել է երիտասարդների ընդհանուր ուժերով՝ հաշվի առնելով դասընթացների ընթացքում ձեռքբերված գիտելիքները ՏԻՄ-ի, գործառույթների, բնակիչների իրավունքների և պարտականությունների մասին:

Սական ՏԻՄ մասին դասընթացը միակ դասընթացը չէր. Երիտասարդները սովորել են նաև տիկնիկավարություն, բեմական կեցվածք և խոսք: Այս ամենը համադրվել է ստեղծագործական լայն հնարավորությամբ և արդյունքում ծնվել են ներկայացումներ, որոնց դերակատարները թատերարվեստից հեռու երիտասարդներ են, ում հիմնական նպատակն է այլաբանության միջոցով փոխանցել կարևոր գիտելիքներ երեխաներին, դեռահասներին և մեծահասակներին: Իրականում ներկայացումը տարիքային սահմանափակում չունի, քանի որ այն հավասարապես հետաքրքիր է մեծերին և փոքրերին, ինչը վկաում են ներկայացմանը հանդիսատեսի սեռատարիքային ներկայացվածությունը: ՏԻՄ-թատրոնի յուրաքանչյուր ներկայացման ավարտին տեղի է ունենում մրցույթ. Հեղինակը հարցուպատասխանի միջոցով ճշտում է ստացված գիտելիքների արդյունավետությունը և տալիս մրցանակներ՝ գրքեր:

Այսպիսով, ևս մեկ անգամ բոլորի մոտ ամրապնդվում են այն գիտելիքները, տերմինները, որոնց մասին խոսվում է ներկայացման մեջ:

Առաջին ներկայացումը տեղի ունեցավ Գյումրու Երիտասարդական Պալատում 2021թ. դեկտեմբերի 29-ին, որին մասնակցում էին տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ Գյումրիից, Շիրակի մարզի գյուղական համայնքներից և հատկապես՝ Արցախից վերաբնակեցված ընտանիքներ:

ՏԻՄ-թատրոն ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի հոկտեմբերի 31 -ից՝ ծրագրին մասնակցության համար օնլայն և օֆլայն հայտագրմամբ: Ծրագրին հայտագրվել են ի սկզբանե 24 մասնակից, որոնք դասընթացների փուլից աստիճանաբար դուրս մնալով թատերախմբում ձևավորեցին 14 հոգանոց հիմնական խումբ, որոնք ներկայացման մեջ զբաղված են որպես դերասաններ, բեմի նկարիչ, հագուստի դիզայներ, տիկնիկագործ, երաժշտական մասի պատասխանատու: Նախատեսվում է ևս 3 ներկայացում Շիրակի մարզի գյուղական համայնքներում:

 

https://www.youtube.com/watch?v=LnlQjY2xyFk

https://www.youtube.com/watch?v=PzSpbnFNojQ

«Երիտասարդների ներուժը՝ նպատակաուղղված ՏԻՄ գործառույթների զարգացմանը» ծրագիրն իրականացվում է «Կանանց հզորացման համար դրամաշնորհների կառավարման ծառայության տրամադրում» ծրագրի շրջանակներում։

«Կանանց հզորացման համար դրամաշնորհների կառավարման ծառայության տրամադրում» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի եւ Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: