«ՀԿ Կենտրոնը հնարավորությունների, ձեռքբերումների, նոր ու կարևոր ծանոթությունների հարթակ է»․ Դայանա Ամիրխանյան

 

2016 թվականին, երբ Դայանա Ամիրխանյանն ընդունվեց ՎՊՀ հենակետային վարժարան, որոշել էր, որ մի րոպե անգամ չի բացակայելու դասերից, բայց պլանները խառնվեցին, երբ դասերին զուգահեռ սկսեց համագործակցել ՀԿ Կենտրոնի հետ, ինչն իր առօրյան դարձրեց առավել բովանդակալից և հետաքրքիր. «Ես չգիտեի, որ այդ ոչ չափից դուրս, բայց բացակայությունները իրենց շատ մեծ տեղն են ունենալու իմ կյանքում»,- ասում է Դայանան՝ շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին և վարժարանի տնօրենինն համբերատարության համար:

 

ՀԿ Կենտրոնի մասին առաջին անգամ ընկերներից է լսել, որից հետո սկսել է հետաքրքրվել Կենտրոնի գործուներությամբ. «Շատ հավանեցի այն, ինչ արվել և դեռևս արվում է այստեղ: Առաջին իսկ պահից շատ հավանեցի այն նպատակները, որ ծրագիրն իր մեջ ներառում էր: Այն ինչ կապված է հասարակության հետ մերն է, բոլորինս է, ու ավելի գրագետ մոտենալ ամենին, ինչ կատարվում է մեր շուրջը, շատ կարևոր է: Ծրագիրը այն էր, ինչ ինձ պետք էր, ինչ ես ցանկաանում էի ուսումնասիրել՝ անկախ Իմ ընտրած մասնագիտությունից»,- ասում է նա:

 

Արդեն 4 տարի է՝ Դայանան ակտիվորեն մասնակցում է ՀԿ Կենտրոնի ծրագրերին և  դասընթացներին. «Դասընթացները եղել են այնքան շատ, որ եթե փորձեմ հիշել բոլորը, հատատ չի ստացվի: Մասնակցել եմ մեդիագրագիտության դասընթացներին, և որոշ թեմաներ ոչ թե մնացել են  «ուղղակի գրված», այլ դարձել են փորձ, և կիրառվել իրական կյանքում, և, ինչու չէ, նաև գործնական կյանքում ևս»,- նշում է նա:

 

ՀԿ Կենտրոնի հետ համագործակցությունը չի սպառվել միայն դասընթացներին մասնակցությամբ. Դայանան նաև ակտիվ կամավորական գործունեություն է իրականացրել:  Թիմով կատարել են համայնքային խնդիրներին վերաբերող հարցումներ, մասնակցել են ավագանու նիստի՝ դիտորդի կարգավիճակով, գրել փոքր վերլուծություն թեմայի վերաբերյալ: Համագործակցության շրջանակներում այցելել է նաև պետական և միջազգային կառույցներ:

 

Այժմ Վանաձոր Ինֆոտան մի քանի կամավորներով հավաքում են նյութեր Լոռու մարզի համայքների մասին, որի նպատակն է զարգացնել տուրիզմը մարզում, և նպաստել ոչ շատ հայտնի համայքների հանրայնացմանը:

 

Դայանան դժվարանում է առանձնացնել Կենտրոնի հետ կապված կոնկրետ դեպք, որն իրեն շատ է տպավորել. «Ցանկացած դեպք, որ կատարվել է, հիշելի և տպավորիչ է: Որպես այդպիսին չեմ կարող առանձնացնել հատուկ մեկ դեպք: Կարող եմ նշել միայն այն, որ որքան ավելի ծանոթանում և շփվում էի ՀԿ Կենտրոնի մարդկանց, և Ինֆոտնեցիների հետ, այքան էլ ավելի էր ամեն ինչ տպավորիչ և հիշարժան դառնում»,- ասում է նա:

 

ՀԿ Կենտրոնում և Վանաձոր ինֆոտանն իր գործունեության ժամանակահատվածում, իր խոսքով, ձեռք է բերել մի շարք հիմնարար հմտություններ և գիտելիքներ, որոնք այժմ կիրառում է պրակտիկայում. «Որպես ակադեմիական գիտելիք կարող եմ առանձնացնել  մեդիագրագիտությունը և այդ դաշտում ճիշտ գործելը, իսկ որպես անձնային որակ՝ աշխատանքի մեջ ճկուն լինելը»,- ասում է նա:

 

Դայանա Ամիրխանյանն այժմ սովորում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, զուգահեռ աշխատում է օնլայն հարթակում, շարունակում է նաև ակտիվ կամավորական աշխատանք ծավալել: Ունի նաև իր անձնական վլոգը. «Վանաձորյան անկյուններ» հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում է Վանաձորի գեղեցիկ անկյունները, որոնց Հայաստանում, գուցե, շատերը ծանոթ չեն:

 

Այս տարի Դայանան պետք է պրակտիկա անցներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում որպես արվեստի կառավարիչ, սակայն հայտնվեց COVID-19-ը, և այն, ինչպես նաև մի շարք այլ պլաններ մի քանի ամսով հետաձգվեցին:

 

Դայանայի խոսքով`բացի իր ապագա մասնագիտությունը, նաև շատ հետաքրքրված է մեդիայով, տեղեկությունների հավաքագրմամբ, երիտասարդներին առնչվող հարցերով, համայնքային խնդիրներով:

 

«Այն որ ես այժմ կարողանում եմ դատել, քննադատել հստակ կետերով և վերլուծել նյութերը և նորությունները դա, իհարկե, կրկին ՀԿ Կենտրոնի, և Ինֆոտան շնորհիվ է: Եվ նրանց շնորհիվ է այն, որ ինձ վստահել են իմ դպրոցում. ես 2 անգամ ունեցել եմ մեդիագրագիտության դասընթաց ՎՊՀ հենակետային վարժարանում: Ինձ նաև միշտ հետաքրքրել և հետաքրքրում են մարդու իրավունքները ցանկացած ոլորտում և վայրում, և դա մեր առօրյայի կարևոր մասն է. Ինչ էլ սովորել՝ առաջինը պետք է սկսել մեր իրավունքներից ու պարտականություններից, որը ՀԿ Կենտրոնում մատուցվում է բարձր ու գրագիտության հետ մեկտեղ»,- նշում է նա:

 

Դայանան կարծում է, որ ամեն փոքր հաջողություն որը կարելի է ունենալ ՀԿ Կենտրոնում, հետագայում դառնում է մեծ և կարևոր ազդեցիկ կետ կյանքում և ուղեկից՝ ցանկացած գործունեության ընթացքում, ուստի նա խորհուրդ է տալիս այն երիտասարդներին, ովքեր մտածում են համագործակցել ՀԿ Կենտրոնի հետ. «Անպայման պետք է  գնալ, տեսնել, մասնակցել: Իմ՝ մինչև այս պահի շրջադարձային դեպքերից էր ՀԿ Կենտրոն գնալը, և ես միշտ մեծ ուրախությամբ եմ նշում, որ այդ մեծ ընտանիքի մի փոքրիկ մասն եմ: ՀԿ Կենտրոնը հնարավորությունների, ձեռբերումների, նոր ու կարևոր ծանոթությունների հարթակ է»,- եզրափակում է Դայանան:

 

 

 

 

Ելենա Սարգսյան