«Հեծանվային եւ գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում»

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը «Հեծանվային եւ գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում» ծրագրի շրջանակներում սույն թվականի Հուլիսի 19-21-ը Հեծանվային տուրերի ուղեկցորդների համար կազմակերպել էր եռօրյա դասընթաց` Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում գործող ԷյԹիՓի բնապահպանական կենտրոնում:

Դասընթացը նպատակ ուներ մեկտեղելու Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի երիտասարդ հեծանվորդների և փոխանցելու նրանց առանցքային այն տեսական և գործնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են ծրագրի շրջանակներում մշակված հեծանվային տուր-փաթեթների ուղեկցորդներ դառնալու համար:

Դասընթացի առաջին օրը  նվիրված էր հեծանվային զբոսաշրջության պատմությանը, հեծանվային սպորտի տեսակներին և ոլորտային նորարարություններին, ինչպես նաև այն բոլոր անհրաժեշտ դետալներին ու սարքերին, որոնք պետք են հեծանվորդներին ճանապարհ ըկնելու համար: Երկրորդ օրն ավելի գործնական բնույթ էր կրում և իր մեջ ամփոփում էր հեծանիվ վարելու և վարել սովորեցնելու առանձնահատկությունները, ինչպես նաև ոչ պակաս կարևոր տեխնիկական պատրաստվածության առանցքային բաղադրիչները:

Եռօրյա դասընթացի օրակարգում ներառված էր նաև հեծանվային արշավ-վարժանք Մարգահովիտ գյուղի երիտասարդների համար, ովքեր մեծ ոգևորությամբ մասնակցեցին միջոցառմանը:

Դասընթացի վերջին օրը նվիրված էր Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի կենսաբազմազանության առանձնահատկություններին, կենսաբազմաբանության պահպանման անհրաժեշտությունը, բնապահպանական արժեք ներկայացնող վայրերին և մասնավորապես Լոռվա մարզի թռչնատեսակներին: ԷյԹիՓի  աշխատակիցների կողմից դասընթացի մասնակիցների համար հարակից տարածքում կազմակերպվեց նաև փոքրիկ թռչնադիտում:

Դասընթացն ամփոփեց ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ ղեկավար Ա. Հակոբյանը և  մասնակիցներին հանձնեց իրենց պատվոգրերը:

Միջոցառման նկարներն այստեղ՝ https://drive.google.com/open?id=0B87MBJCez7AXN0ZkcjhKLU9RZ00
Ֆիլմ-հեծանվորդ  https://www.youtube.com/watch?v=xQ_IQS3VKjA
Ֆիլմ-բնապահպանական https://www.youtube.com/watch?v=G5WYHwJhK_8