«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը «Հեծանվային եւ գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում» ծրագրի շրջանակներում սույն թվականի Հուլիսի 19-21-ը Հեծանվային տուրերի ուղեկցորդների համար կազմակերպել էր եռօրյա դասընթաց` Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում գործող ԷյԹիՓի բնապահպանական կենտրոնում:
Դասընթացը նպատակ ուներ մեկտեղելու Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի երիտասարդ հեծանվորդների և փոխանցելու նրանց առանցքային այն տեսական և գործնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են ծրագրի շրջանակներում մշակված հեծանվային տուր-փաթեթների ուղեկցորդներ դառնալու համար:
Դասընթացի առաջին օրը նվիրված էր հեծանվային զբոսաշրջության պատմությանը, հեծանվային սպորտի տեսակներին և ոլորտային նորարարություններին, ինչպես նաև այն բոլոր անհրաժեշտ դետալներին ու սարքերին, որոնք պետք են հեծանվորդներին ճանապարհ ըկնելու համար: Երկրորդ օրն ավելի գործնական բնույթ էր կրում և իր մեջ ամփոփում էր հեծանիվ վարելու և վարել սովորեցնելու առանձնահատկությունները, ինչպես նաև ոչ պակաս կարևոր տեխնիկական պատրաստվածության առանցքային բաղադրիչները:
Եռօրյա դասընթացի օրակարգում ներառված էր նաև հեծանվային արշավ-վարժանք Մարգահովիտ գյուղի երիտասարդների համար, ովքեր մեծ ոգևորությամբ մասնակցեցին միջոցառմանը:
Դասընթացի վերջին օրը նվիրված էր Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի կենսաբազմազանության առանձնահատկություններին, կենսաբազմաբանության պահպանման անհրաժեշտությունը, բնապահպանական արժեք ներկայացնող վայրերին և մասնավորապես Լոռվա մարզի թռչնատեսակներին: ԷյԹիՓի աշխատակիցների կողմից դասընթացի մասնակիցների համար հարակից տարածքում կազմակերպվեց նաև փոքրիկ թռչնադիտում:
Դասընթացն ամփոփեց ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ ղեկավար Ա. Հակոբյանը և մասնակիցներին հանձնեց իրենց պատվոգրերը:
Միջոցառման նկարներն այստեղ՝ https://drive.google.com/open?id=0B87MBJCez7AXN0ZkcjhKLU9RZ00
Ֆիլմ-հեծանվորդ https://www.youtube.com/watch?v=xQ_IQS3VKjA
Ֆիլմ-բնապահպանական https://www.youtube.com/watch?v=G5WYHwJhK_8