«ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ ֆինասավորմամբ իրականացվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում անցկացրեց «ՀՀ օրենքը Հասարակական կազմակերպությունների մասին» թեմայով դասընթաց-քննարկումներ Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի քաղաքացիական հասարակության կառույցների համար: Դասընթաց-քննարկումները հնարավորություն տվեցին ներկայացնել ՀԿ նոր օրենքի հիմնական փոփոխությունները, ինչպես նաև առաջինը արձագանքել ՔՀԿ-ների՝ օրենքի հետ կապված հարցերին ու մտահոգություններին:
Հասարակական կազմակերպությունների մասին օրենքն ընդունվել է 2016-ի դեկտեմբերին, ուժի մեջ է 2017-ի փետրվարից:
Ընդհանուր պարզաբանումներ և անդրադարձ հիմնական փոփոխություններին
- ՀԿ-ի կազմավորման հետ կապած, ներկայիս օրենքը հնարավորություն է տալիս և’ ֆիզիակական անձանց, և’ արդեն իրավաբանական անձանց միավորմամբ ստեղծել հասարակական կազմակերպություններ, ինչը դաշտի ազատականացման տեսանկյունից մեկ քայլ առաջ է, այսինքն` օրենսդիրը դաշտը բաց է թողել, և եթե որևէ առևտրային կազմակերպություն, որն ուզում է, կամ ուղղակի համակրում է այդ ՀԿ-ի կանոնադրական նպատակներին և ուզում է համագործակցել, ապա դաշտն այս առումով բաց է:
- ՀԿ-ները կարող են հիմնվել անդամակցության կամ սահմանափակ անդամակցության վրա, ինչը նշանակում է, որ օրենքով ամրագրվել են, որ ՀԿ-ները կարող են իրենց անդամներին ներկայացնել որոշակի պահանջներ (սահմանափակ անդամության ՀԿ):
- Հաջորդ փոփոխությունը վերաբերում է կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությանը: Նոր օրենքի ընդունման հետ կապված, որպես մեկ ամբողջական համալիր, փոփոխություններ կատարվեցին նաև քաղաքացիական օրենսգրքում, որտեղ ուժը կորցրած ճանաչվեց իրավաբանական միություն իրավակազմակերպական ձևը: Որոնք են ձեռնարկատիրությամբ զբաղվելու հիմնական սկզբունքները. ՀԿ-ն կարող է ինքն անձամբ, կամ առևտրային կազմակերպության հետ միանալով /երկու տարբերակն էլ հնարավոր է/, իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Բայց այստեղ պետք է ուշադրություն դարձնել օրենքի նորմին: Կա մի հատկանշում, ՀԿ-ն կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, եթե դա համապատասխանում է իր կանոնադրական նպատակներին և ստացված ամբողջ շահույթը պետք է նպատակաուղղվի այդ կանոնադրական նպատակների իրականացմանը:
- Ընթացակարգային մի քանի փոփոխություններ, որոնք միտված են պարզեցնելու և դյուրացնելու գրանցման ընթացակարգերը: (1) Օրենքի փոփոխությամբ պայմանավորված /թե այս օրենքի, թե հետագայում որևէ նորմատիվ իրավական ակտի փոփոխության հետ կապված/, եթե անհրաժեշտ է փոփոխություններ կատարել կանոնադրության մեջ, ապա այդ փոփոխությունների գրանցման դեպքում հանվել է պետական տուրքի գանձումը: Այսինքն` օբյեկտիվորեն ՀԿ-ն ստիպված չի լինի դրա համար ծախսել լրացուցիչ գումարներ: (2) Գրանցման հետ կապված, եթե նախկինում ՀԿ պետական գրանցման համար պահանջվում էր 21 օր, ապա այս դեպքում, եթե ՀԿ-ն օգտվի պետական ռեգիստրի կողմից հաստատված փաստաթղթերի նմուշօրինակներից, ապա նրա գրանցումը տեղի է ունենալու 2 օրվա ընթացքում, իսկ եթե ՀԿ-ն չօգտագործի այդ նմուշային օրինակները, ապա գրանցման ժամկետը դարձել է 10 օր: (3) ՀԿ-ի գտնվելու վայրի փոփոխության հետ կապված, եթե նախկինում դուք ստիպված էիք կանոնադրության մեջ կատարել փոփոխություն, ապա գրանցել այդ փոփոխությունը, ապա հիմա բավարար է միայն ծանուցել պետական ռեգիստրին, որ ՀԿ-ի գտնվելու վայրը փոփոխվել է: (4) ՀԿ-ի ներքին կառավարման ձևին վերաբերող ազատականացումը. եթե նախորդ օրենքը սահմանում էր որոշակի հստակ կառուցվածք կամ կառավարման մեխանիզմ ՀԿ-ի համար, ապա հիմա դաշտն ավելի բաց է, և տրամաբանական է, որ ՀԿ-ն ինքն իր անդամների հետ համատեղ, կամ հիմնադրման պահին, կամ ընթացքում պետք է որոշի, թե որ կառավարման ձևն ավելի արդյունավետ կլինի իր համար, թե ինքն արդյոք ուզում է իր կանոնադրությամբ, օրինակ, նախատեսել վերստուգիչ հանձնաժողովի առկայություն, թե՝ ոչ և այլն: Այսինքն` ՀԿ-ն ինքն է որոշում իր կառավարման նախընտրելի ձևը:
- Հաջորդ շատ կարևոր փոփոխությունը “շահառու” հասկացությանն է վերաբերում. օրենքով հստակ անդրադարձ է կատարվում շահառու հասկացության սահմանմանը:
- Մյուս հիմնաքարային փոփոխությունը կամավորների աշխատանքն է և ընդհանրապես կամավորի ինստիտուտի սահմանմանը: Այս հարցը երկար ժամանակ քննարկվել է: Բոլորի համար էլ պարզ էր, թե կամավորական աշխատանքն ինչ է, բայց օրենսդրության մեջ չկային մեխանիզմները: Իհարկե, այս օրենքով սահմանվել են կամավորական աշխատանքի որոշ չափանիշներ, սահմանափակումներ կամավորներին ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավելու համար (ինչն ուղղակի բխում է կամավորության էությունից), տրվել են որոշակի ինստիտուցիոնալ օրենսդրական կարգավորումներ կապված կամավորների հետ կնքվող պայմանագրի, նրանց ծախսերի փոխատուցման, աշխատաժամանակի, տարիքային շեմի հետ և այլն:
- Հանրային կառավարման միջոցների թափանցիկություն և հաշվետվողականություն –Այն կազմակերպությունները, որոնք 5 մլն դրամ և ավելի հանրային միջոցների /պետբյուջեի և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի միջոցներ/ կտիրապետեն, պարտադիր պետք է հաշվետու լինեն և անցնեն աուդիտ՝ հրապարակելով հաշվետվություն նաև azdarar.amկայքում: Սա իհարկե հանրային միջոցների ծախսման թափանցիկության սկզբունքից է բխում, որով առաջնորդվում է նաև պետությունը՝ իր հարկատուներին հասանելի դարձնելով հանրային գումարների ծախսերը, որոնք կատարում է:
- Շահառուների իրավունքների պաշտպանության համար դատական հայցերի ներկայացում. Այս նոր օրենքով ՀԿ-ները կարող են դատարան դիմել միայն շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված հարցերով և դրա համար սահմանված է նաև մեխանիզմ, թե որ կազմակերպությունները կարող են դիմել, հիմնվելով որոշակի փորձառության և գործունեության պահանջի վրա: Սա արվել է հաշվի առնելով նաև ՀԿ-ների կարողությունները, ինչպես նաև դիտարկելու համար դատաիրավական պրակտիկայն, արվել է ՀԿ և պետական հատվածների երկարատև բանակցությունների արդյունքում:
- Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների ինստիտուտի սահմանմանը (endowment): Այսպես, օրենսդիրը Հիմնադրամների մասին օրենքում տալով ԱԿՀ-ների սահմանումը, այս ինստիտուտի էությունից ելնելով՝ սահմանել է այն սահմանափակումները, որոնք գործում են անձեռնմխելի կապիտալից շահույթ ստանալու դեպքում, այլ կերպ ասած՝ այս կամ այն ոլորտում այդ կապիտալի ներդրումից: Օրենքը նախատեսում է, որ այդ կապիտալից շահույթ ստանալու նպատակով նշված միջոցները կարող են ներդրվել միայն պետական պարտատոմսերում: Տրամաբանությունն այն է, որ պետական պարտատոմսերն, ապահովված լինելով պետության երաշխիքներով, կարող են դիտարկվել որպես նման միջոցների ներդրման համար ապահով և ոչ ռիսկային ձև:
Հարցեր և պատասխաններ:
Հարց 1: Հոդված 26-ը՝ կապված պարտադիր աուդիտի հետ, դա բավականին թանկ արժե, ով պետք է անի այդ ծախսը, ՀԿ-ն չունի նման ռեսուրսներ: Ում հաշվին է արվելու պարտադիր աուդիտը:
Պատասխան: Պարտադիր աուդիտն արվելու է կազմակերպության հաշվին, կարելի է այդ ծախսը նախատեսել դրամաշնորհային ծրագրերում, անդամավճարների հավաքագրման կամ այլ գործունեության միջոցով:
Հարց 2: Կան արդյոք ռիսկեր ձեռնարկատիրական գործունեության հետ կապված:
Պատասխան: Եթե հասարակական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող շահույթը ծախսում է իր կանոնադրական նպատակների համար, այլ ոչ թե, օրինակ, բաշխում է իր անդամների վրա, ապա այստեղ ոչ մի ռիսկ չկա:
Հարց 3: Նոր օրենքի վերնագրի պաշտոնական անգլերեն թարգմանության մեջ, սա շատ հետաքրքրում է նաև դոնորներին, մնում է “non governmental”, “non profit”, թե երկուսն էլ: Պատասխան: Օրենքի անվանումը չի փոխվել, բայց պաշտոնական թարգմանությունը դեռ չկա, նախորդ օրենքի վերնագիրը չի փոխվել հայերենում:
Հարց 4: Կամավորների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերն արդյոք ենթադրում են հարկային պարտավորություններ:
Պատասխան: Նման պարտավորություններ չկան: Եթե կամավորին, օրինակ, կազմակերպությունը ուղարկել է որևէ տեղ ծրագրային նպատակներով, ապա փոխհատուցվում է կամավորի կողմից իրականացված ծախսերը՝ օրինակ տրասպորտային ծախս՝ բնականաբար եթե ներկայացվել են ծախսերի հիմքեր հանդիսացող փաստաթղթերը:
Հարց 5: ՊԵԿ-ի կողմից պահանջվող փաստաթղթերի նոր փաթեթը երբ պատրաստ կլինի, որպեսզի կազմակերպությունները ներկայացնեն իրենց հաշվետվությունները, կամ իրականացնել պարտավորությունները:
Պատասխան: ՊԵԿ-ին ուղարկվել է նամակ պարզաբանում ստանալու համար, ինչպես նաև առաջիկայում համատեղ խնդիրները քննարկելու առաջարկություն: Տեղեկություններ լինելու դեպքում հավելյալ կներկայացվեն հասարակական կազմակերպություններին:
Հարց 6: Տարածվում են արդյոք այս օրենքի դրույթները հիմնադրամների վրա, քանի որ հիմնադրամների մասին կա առանձին օրենք և կարող է արդյոք հիմնադրամը կիրառել կամավորների մասին դրույթը, քանի որ հիմնադրամների մասին օրենքում չկա նման դրույթ:
Պատասխան: Որևէ փոփոխություն չկա, այս օրենքի հիմքով չեք կարող կամավորների հետ կնքել պայմանագիր որպես հիմնադրամ:
Հարց 7: Պարտադիր է արդյոք փոխել կազմակերպությունների կանոնադրությունները և համապատասխանեցնել նոր օրենքին:
Պատասխան: Օրենքը չի պարտադրում նման բան, դա կախված է ՀԿ-ից, եթե ուզում է շահույթ ստանալ, ապա պետք է կանոնադրության մեջ կատարի հստակեցումներ: Սակայն այս դեպքում կազմակերպության կանոնադրության փոփոխության գրանցման դեպքում կազմակերպությունը ազատվում է պետական տուրքի վճարման պարտավորությունից:
Հարց 8: Կամավորների հետ պայմանագիր կնքելիս ինչ եզրույթ է օգտագործվում, դա աշխատանքային պայմանագիր է, թե` ծառայությունների մատուցման: Եվ գործուղման դեպքում հիմք են հանդիսանալու արդյոք գործուղումների մասին իրավական ակտերը: Եթե կամավորը 20 ժամից պակաս է աշխատում, ապա կարող է արդյոք կազմակերպությունը փոխհատուցում տալ:
Պատասխան: Օրենքում շատ հստակ է տրվում, շաբաթական 20 և ավելի ժամ աշխատելու դեպքում կամավորի հետ պարտադիր կնքվում է պայմանագիր, նշված է այդ պայմանագրի առանձնահատկությունները, դա ո’չ աշխատանքային պայմանագիր է, և ո’չ էլ ծառայությունների մատուցման, սա նոր եզրույթ է, և կոչվում է. “կամավորի հետ կնքվող աշխատանքային պայմանագիր”: Սա այն ստանդարտ աշխատանքային պայմանագիրը չէ, որն, օրինակ գործատուն կնքում է աշխատողի հետ:
Օրենքը չի սահմանափակում պայմանագրի կնքումը նաև 20 ժամից պակաս աշխատելու դեպքում, սակայն ՀԿ-ն ինքն է որոշում դա, ինչպես նաև վարում է կամավորների հաշվառում, այսինքն` պարտադիր է պայմանագիր կնքելը, եթե աշխատաժամանակը գերազանցում է 20 ժամը: Այդուհանդերձ, կազմակերպությունը կարող է փոխհատուցում տալ կամավորին ծրագրային ծախսերի համար, ոչ՝ ձեռնարկատիրական: Իսկ կամավոր աշխատանքի հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով
Հարց 9: ՀԿ-ների համար որ տարբերակն է ավելի շահավետ. սոցիալական ձեռնարկատիրություն և ձեռնարկատիրական գործունեություն:
Պատասխան: Սոցիալական ձեռնարկատիրության համար մեր օրենսդրությամբ չունենք սահմանում, չկան օրենսդրական երաշխիքներ այս ոլորտում, չնայած խրախուսվում է համագործակցությունը հասարակական և հանրային սեկտորների միջև: Սակայն խոսքը տվյալ դեպքում ուղղակի ձեռնարկատիրության մասին է:
Հարց 10: Կամավորի հետ պայմանագիրը ստաժ կարող է համարվել, թե՝ ոչ:
Պատասխան: Ոչ, քանի որ կամավորի հետ աշխատանքային պայմանագիր չի կնքվում՝ ոչ, չի համարվում:
Հարց 11 Արդյոք պարտադիր է վերստուգիչ հանձնաժողով ունենալը և ինչպես է իրականացվում հանձնաժողովի աշխատանքները:
Պատասխան: Օրենքը չի պարտադրում ունենալ վերստուգիչ մարմին, այս որոշումը թողնված է կազմակերպությանը: Կազմակերպությունն է որոշում, թե ինչպիսի կառուցվածք է ունենալու, և եթե կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված է վերստուգիչ մարմնի առկայություն, ապա կազմակրպության վեստուգիչ մարմինը պարտավոր է տարին մեկ անգամ իրականացնել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում, ծանոթանալու կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին եւ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնելու նրա մարմիններին, պահանջելու եւ ստանալու կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկություններ, իրականացնել օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Պետք է ուշադրություն դարձնել օրենքում ամրագրված և կանոնադրություններում օգտագործվող տերմիններին, մասնավորապես՝ վերստուգիչ մարմին– հանձնաժողով, օրենքում ամրագրված է վերստուգիչ մարմին հասկացությունը: Պետք է համապատասխանեն: Սա հիմնականում վերաբերում է վերագրանցվել ցանկացող կազմակերպություններին: