Հանուն Վանաձորի երիտասարդության

2019 թվականի ապրիլի 1-ին մեկնարկեց «Վանաձորի տեղական երիտասարդական քաղաքականության մշակում» ծրագիրը, որի նպատակն է Նպաստել Վանաձոր համայնքում երիտասարդների ներգրավմանը հասարակական կյանքում՝ երիտասարդական ծրագրերի առավել նպատակային և համակարգված իրականացման միջոցով։

 

Ծրագրի մեկնարկին ՀԿ Կենտրոնի, Վանաձորի համայնքապետարանի և «ՕքսԵՋեն» երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի միջև ստորագրվեց եռակողմ համաձայնագիր, որով կողմերն իրենց պատրաստակամությունն էին հայտնում համատեղ ջանքեր դնել հանուն Վանաձորի երիտասարդության։

 

 

Ծրագրի շրջանակներում իրականացվեց Վանաձորի քաղաքի երիտասարդների իրավիճակի բացահայտմանն ուղղված հետազոտություն, որի համար 16-35 տարեկան երիտասարդների շրջանում իրականացվեց առցանց հարցում, որին մասնակցեց շուրջ 200 երիտասարդ։ Որին հաջորդեց թվով երկու ֆոկուս խմբային քննարկումներ, որոնցից առաջինին մասնակցեցին 12 երիտասարդ, իսկ երկրորդին 13 երիտասարդների հետ աշխատող փորձագետներ։

Այս փաստական տվյալների հիման վրա կատարվեց վերլուծություն և ստեղծվեց «Վանաձորի երիտասարդական իրավիճակի վերլուծություն» զեկույցը, որն իր մեջ ներառում է հետազոտության արդյունքում բացահայտված խնդիրները, իսկ վերջի բաժնում ներկայացնում է հետազոտական թիմի առաջարկությունները մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ։

 

Հետազոտության բացահայտումների հիման վրա գործողությունների պլանի մշակման նպատակով եղավ բաց հայտարարություն աշխատաժողովի մասնակիցներ հավաքագրելու նպատակով և սեպտեմբերի 28-ին «Օրրան» ԲՀԿ-ի Վանաձորի կենտրոնում տեղի ունեցավ Վանաձորի տեղական երիտասարդական քաղաքականության գործողությունների պլանի մշակմանն ուղղված աշխատաժողովը, որին մասնակցեց  շուրջ 60 մարդ, այդ թվում՝ 16-35 տարեկան երիտասարդներ, համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, տեղական քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև բիզնես հատվածի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, զբաղվածության կենտրոնի աշխատակիցներ և շահագրգիչ այլ անձիք։

 

Նախատեսվում է գործողությունների պլանը ներկայացնել Վանաձորի համայնքապետարանի և ավագանու անդամների հաստատմանը, որից էլ կբխի համայնքապետարանի հետագա գործունեությունը երիտասարդական ոլորտում։