«Համայնքային մշտադիտարկող» ծրագիր հաջողության պատմությունների մասին

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և   «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Համայնքային մշտադիտարկող» («Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման») ծրագիրը` Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

2018 թվականի փետրվարից սկսած Վանաձորում կառուցվող թիվ 7 դպրոցի շինարարական աշխատանքների մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել վերապատրաստված 6 համայնքնային մշտադիտարկողները։ Նրանք պարբերաբար այցելել են շինարարական հրապարակ և տեղում դիտարկումներ, փաստաթղթերի ուսումնասիրություններ ու քննարկումներ անելու միջոցով արձանագրել են տարատեսակ շինարարական և ոչ շինարարական խնդիրներ։

 

«Մեկ տարվա ընթացքում ակտիվորեն համագործակցել ենք շինարարական կազմակերպության հետ, ինչի արդյունքում կարողացել ենք արագ լուծումներ գտնել խնդիրներին և դրանք շտկվել են սեղմ ժամկետներում, հաճախ նույնիսկ նույն պահին։ Օրինակ երբ մշտադիտարկողներն արձանագրում էին, որ շինարարները չեն կրում համապատասխան արտահագուստ և սաղավարտ դրա մասին տեղում տեղեկացնում էին շինարարական կազմակերպության ներկայացուցչին, ով էլ իր հերթին տեղում լուծում էր խնդիրը և դրանից հետո շինարարները պատշաճ կերպով կրում էին արտահագուստ և սաղավարտ։ Դեպքեր ենք ունեցել նաև, որ այցի արձանագրությունը շինարարական կազմակերպության ներկայացուցչին ուղարկելուց հետո է լուծվել խնդիրը։ Օրինակ արձանագրության մեջ նշված է եղել ասենք  շինարարական հրապարակում առկա  շինարարական փոշու մասին (տարածքը ջրված չի եղել) և հաջորդ այցին արձանագրել ենք, որ խնդիրը վերացված է և շինհրապարակում առկա չէ փոշի, որը տարածվում է շրջակա միջավայրում»,-նշում է «Համայնքային մշտադիտարկող» ծրագրի համակարգող Վահե Խաչիկյանը։

 

Վանաձորի համար 7 դպրոցի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019 թվականի ապրիլ ամսին։