Համայնքային ժողովներ՝ մարդակենտրոն համայնքային ծառայությունների բարելավման երկրորդ փուլի շրջանակում

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հանձնարարությամբ և Արմավիրի զարգացման կենտրոնի (ԱԶԿ) հետ համագործակցությամբ, մեկնարկել է մարդակենտրոն համայնքային ծառայությունների նախագծման երկրորդ փուլը։ Ծրագիրն ուղղված է համայնքային ծառայությունների բարելավմանը՝ հիմնված բնակիչների իրական կարիքների վրա։

Մայիս ամսին ծրագրի թիմերը համայնքային ժողովներ են կազմակերպել Ակունք, Մարտունի, Թալին, Գավառ, Տաշիր և Նոյեմբերյան համայնքներում՝ Town Hall ձևաչափով։ Այս հանդիպումների ընթացքում համայնքի բնակիչները հնարավորություն ստացան մասնակցելու կարևոր քննարկումների, ներկայացնելու իրենց տեսած խնդիրներն ու կարիքները, ինչպես նաև փոխգործակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ համատեղ որոշելու, թե որ ծառայություններն են առաջնահերթ բարելավման կարիք ունեցող։

Ժողովների նպատակն էր ապահովել, որ ընտրված համայնքային ծառայությունները լավագույնս համապատասխանեն բնակչության կարիքներին և սպասումներին՝ խթանելով մասնակցային կառավարումը և համայնքների ներգրավվածությունը կայացման գործընթացներին։