ՀԿ Կենտրոնը «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ և ԳՄՀԸ ծրագրերի շահառու կանանց տրամադրել է փոքր-դրամաշնորհներ, որոնց իրականացումը կբարձրացնի կանանց առաջնորդության ներուժը։ Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:
Մենք շարունակում ենք հոդվածների շարք «Կանայք համայնքում» խորագրով, որոնց շրջանակներում ներկայացնում ենք դրամաշնորհառու կանանց գաղափարները, որոնք պետք է կյանքի կոչվեն առաջիկա ամիսներին իրենց համայնքներում։
Աննա Գրիգորյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքից է։ Նրա ծրագիրը ուղղված է լինելու ավագանու նիստերի թափանցիկության ապահովմանն ու որոշումների կայացման գործընթացին քաղաքացիների մասնակցության խթանմանը։ Նա խնդիր է դրել ստեղծել ավագանու նիստերի հեռարձակման հնարավորություն, բարձրացնել ՏԻՄ-ի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, նպաստել, որ համայնքի բնակիչները մասնակցեն համայնքային զարգացման ծրագրերի քննարկմանն ու առաջհերթությունների որոշմանը, առաջարկեն համայնքային խնդիրները լուծելու այլընտրանքային տարբերակներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել ցանցային ուղիղ եթերների համար նախատեսված հեռակառավարվող տեսախցիկ, խոսափողներ, որոնք նվիրատվության պայմանագրով հանձնվելու են համայքապետարանին: Նաև նախատեսվում է ձևավորել ակտիվ կանանց խումբ, որը կատարելու է կարիքների բացահայտում ու վերլուծություն, մշակելու է առաջարկությունների փաթեթը՝ ավագանու նիստերում ներկայացնելու նպատակով: Ավագանու նիստերի առցանց հեռարձակման մասին հայտարարությունները տեղադրվելու են համայնքի առցանց հարթակներում ու հայտարարությունների համար նախատեսված ցուցանակներին:
Արմինե Խասիկյանը Շիրակի մարզի Ամասիա համայնքից է: Նա իր համայնքում ստեղծելու է ակտիվ կանանց ակումբ, որի նպատակը տեղական ինքնակառավարմանը կանանց մասնակցությունը խթանելն է: Նա խնդիր է դրել բարձրացնել ՏԻՄ գործունեության ոլորտում կանանց իրազեկվածության մակարդակը, ձևավորել նախաձեռնող խումբ, որը կկատարի համայնքային կարիքների վերհանում ու ՏԻՄ-ին ներկայացվելիք առաջարկությունների փաթեթի մշակում: Այդ նպատակով կանանց համար կազմակերպվելու են ՏԻՄ օրեսնդրության, մասնակցային կառավարման, ծրագրերի մշակման, կառավարման թեմաներով դասընթացներ: Բացի նշվածներից՝ ծրագիրն ունի նաև կանանց ձեռնարկատիրական հմտություններ հաղորդելուն ուղղված բաղադրիչ, որի շրջանակներում ընտրված կանանց ուսուցանվելու է թաղիքագործության, ձեռնարկատիրական հմտություններ: Նրանց աշխատանքները ներկայացվելու են համայնքային ցուցահանդես-վաճառքի ժամանակ:
Աննա Վարդանյանը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքից է: Նրա ծրագրի նպատակը ևս համայնքային որոշումների կայացմանը կանանց մասնակցությունը խթանելն է: Նա ծրագրի շրջանակներում նախատեսում է իր համայնքում ստեղծել ավագանուն կից կանանց խորհուրդ, մասնակից կանանց համար կազմակերպել դասընթացներ՝ ՏԻՄ օրենսդրության, մասնակցային կառավարման, կարիքների գնահատման և առաջնորդության թեմաներով, կանանց մասնակցությամբ իրականացնել հարցումներ, ապա հաշվետվության և առաջարկությունների փաթեթի մշակում՝ շահագրգիռ կողմերին ներկայացնելու նպատակով:
Նյութը պատրաստեց ՀԿ Կենտրոնի PR թիմը